Բոլորիդ հետ շատ ոգևորված եմ այս օրվա համար․ Զ...

Այսօր Քաղաքացու օրվա շրջանակում հանրային քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ասաց․«Բոլորիդ հետ շատ ոգևորված եմ այս օրվա համար, որովհետև այս օրն արտահայտում է այն, ինչին մենք ձգտել են 27 տարի՝ կառուցել մեր պետությունը, մեր երկիրը, որպես ժողովուրդ` ունենալ հստակ արտահայտված ընտրություն, արժանապատվություն, վստահություն ու հարգանք, գիտակցում՝ աշխարհում քաղաքականության ունեցած դերի մասին»։ 

Նախարարը հավելեց՝  ինքը՝ որպես կառավարության ներկայացուցիչ, գիտակցում է՝ կառավարության դերը հասարակությանը ծառայություն մատուցելն է։ Նրա կարծիքով՝  նման  հանրային քննարկումները, քննադատությունները պետք են, որպեսզի լսելի լինեն քաղաքացու պահանջները, ինչն էլ զգոն կպահի իշխանություններին։

Խոսելով Արցախի մասին՝ Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց՝ Արցախը բոլորի համար գերակա խնդիրն է, որովհետև մեր 150 հազար հայրենակիցներ պահպանում են մեր հավաքական ինքնությունը․

«Մեր Արցախի հայրենակիցներն այնքան մոտ են շփման գծին, այնքան մոտ են վտանգին, և այդ 150 հազարի անվտանգությունը մեր կենսական հարցն է՝ անկախ նրանից, թե որտեղ են գտնվում՝ Երևանո՞ւմ, Մոսկվայո՞ւմ, թե՞ Լոս Անջելեսում։