Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ո...

Մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի շուրջ՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք: Այս մասին X-ի (նախկին Twitter) իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին: