ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերադարձել է Իսրայել՝ նախորդ այցից ընդամենը 4 օր անց։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ակնկալվում է, որ Բլինքենը Երուսաղեմում հանդիպումներ կունենա Իսրայելի ղեկավարության հետ Գազայում ռազմական գործողությունների շուրջ։
ԱՄՆ պետքարտուղարը Թել Ավիվ էր մեկնել հոկտեմբերի 12-ին՝ Վաշինգտոնի աջակցությունը հայտնելու Իսրայելին։ Այնուհետև Բլինքենը մեկնել էր արաբական 6 երկրներ՝ շարունակելու քննարկումները։
Նաև լուրեր են շրջանառվում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջիկա օրերին կարող է Իսրայել այցելել՝ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրավերից հետո։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։
Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 1400-ը։ Պաղեստինյան կողմում զոհերի թիվը, ըստ Առողջապահության նախարարության, հասել է 2808-ի։ Նրանցից 2750-ը զոհվել է Գազայում, 58-ը՝ Հորդանան գետի արևմտյան ափին։ Երկու կողմերից վիրավորների թիվը 10 950 է, այդ թվում՝ 9700-ը՝ Գազայում։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայում ՀԱՄԱՍ-ի կողմից գերի է պահվում 199 մարդ։