Բեռնատար օդանավերի խոշորագույն օպերատորը պատր...

Ռուսաստանյան «Վոլգա-Դնեպր» ավիաընկերությունը՝ Ան-124 «Ռուսլան» և Իլ-76 բեռնատար ինքնաթիռների խոշորագույն մասնավոր օպերատորը, պատրաստ է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան, տարբեր տեսակի բեռների համար առաջարկել մուլտիմոդալ լուծումներ, ինչպես նաև մասնակցել անձնակազմի վերապատրաստմանը: Այս մասիn Sputnik Արմենիայի  հետ զրույցում հայտարարել է  ավիաընկերության ինժեներական կենտրոնի ղեկավար Անատոլի Զագորդանը։

Ավելի վաղ ընկերության ներկայացուցիչները մասնակցել էին Հայաստանի լոգիստիկ շուկայի վերաբերյալ կլոր սեղանին, որը կազմակերպել էր ՌԴ առևտրային ներկայացուցչությունը։ 

Աշխարհում «Ռուսլանից» ծանր ինքնաթիռներ էլ կան, օրինակ՝ Airbus A380-ը (որի առավելագույն թռիչքային զանգվածը 560 տոննա է, իսկ Ան-124-ի 100-150 մոդիֆիկացված տարբերակինը` 402 տոննա), բայց A380-ի բեռնատար տարբերակը հիմա չկա, հիշեցրել է Զագորդանը: Ան-124-ի նախնական մոդելն ունի 120 տոննա բեռնատարողություն, բայց կա նաև ինքնաթիռի մոդիֆիկացիա, որը կարող մինչև 150 տոննա բեռ կրել, նշել է նա։

«Հաշվի առնելով, որ Հայաստանում ակտիվ քննարկվում են մուլտիմոդալ (տրանսպորտի տարբեր տեսակների օգտագործմամբ) փոխադրումների տարբերակները, հնարավոր է` հայ գործընկերներին հետաքրքրի ծանրաքաշ ավիացիայով փոխադրումների քննարկումը», նշել է Զագորդանը: Բացի այդ, ընկերությունը պատրաստ է մասնակցել թռիչքատեխնիկական և ինժեներական անձնակազմի վերապատրաստմանը: 

Տեսականորեն «Վոլգա-Դնեպրը» պատրաստ է քննարկել նաև հայկական ինժեներական ընկերությունների հետ համագործակցելու հարցը, քանի որ ինքն է փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնում կառուցվածքի տարրերի և բորտային սարքավորումների գծով, նշել է նա:

«Ընկերության ավիապարկում կա ոչ միայն Ան-124, այլև Իլ-76 ՝ սեփական «ՎԴ» («Վոլգա-Դնեպր») մոդիֆիկացիայով։ Իլ-76-ը բարձրակարգ մոդել է, բայց համաշխարհային շուկայում շահագործման ընթացքում այն որոշակի բարելավումներ էր պահանջում միջազգային պահանջներին համապատասխանելու համար: Նման մոդիֆիկացված ինքնաթիռներով հաջողությամբ իրականացնում ենք կանոնավոր և չարտերային չվերթեր դեպի Հնդկաստան, ԱՄԷ, Չինաստան և այլ երկրներ։ Ինչ վերաբերում է թռիչքատեխնիկական և ինժեներական անձնակազմին, ապա պատրաստ ենք համագործակցության», - հավելել է Զագորդանը։

Ավիաընկերության ինժեներական կենտրոնի ղեկավարն ընդգծել է, որ խոշոր ինքնաթիռներով ավելի հարմար է տեղափոխել ոչ մեծ և գերծանր բեռներ, ոչ թե փոստային առաքանի, ծանրոցներ կամ ապրանքների փոքր խմբաքանակներ։ Դրա համար օգտագործվում են կա՛մ ավելի փոքր բեռնատարողությամբ բեռնատար ինքնաթիռներ, կա՛մ ուղևորատար ինքնաթիռներ, որոնք կարող են լրացուցիչ բեռներ տեղափոխել ուղեբեռի խցիկներում՝ ուղևորների բեռների հետ: 

Օդային փոխադրումների այս դասը համարվում է ամենաէժանը, քանի որ ուղևորափոխադրող ավիաընկերության համար բեռները եկամտի երկրորդական աղբյուր են, թռիչքածախսերի ծածկման հիմնական բեռն ընկած է ուղևորների վրա: Բայց այստեղ փոխադրումները սահմանափակվում են բեռների ծավալներով և տեսակով։ Բոլորովին այլ է գնագոյացումը բեռնատար ավիաընկերություններում, որոնք օգտագործում են ծանր և գերծանր ինքնաթիռներ: Նրանք կարողանում են տարբեր բեռներ փոխադրել՝ ջերմազգայուն, բարձր տեխնոլոգիական սարքավորումներ, ինչպես նաև յուրահատուկ ոչ մեծածավալ բեռներ։ Օրինակ` Ան-124-ը կարող է տուրբիններ տեղափոխել էլեկտրակայանների, լոկոմոտիվների, մեծ ամբարձիչների համար: 

Իհարկե, դրանք սպեցիֆիկ, ոչ մշտական բեռներ են, բայց նոր ոլորտային նախագծերի մեկնարկի ֆոնին տնտեսությունը զգում է դրանց կարիքը։ Նման ինքնաթիռները կարելի է դիտարկել նաև էլեկտրոնային առևտրի ապրանքների տեղափոխման համար, որոնց պահանջարկը վերջին տասնամյակում աճում է արագ տեմպերով, այդ թվում՝ Հայաստանում, քանի որ շուկայում ակտիվանում են ռուսական առևտրային հարթակները, եզրափակել է մասնագետը։։