Բելգիայում ՀՀ դեսպանը համաժողովի շրջանակում ը...

Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը «Europe Medialab» ծրագրի բարձր մակարդակի քաղաքականի համաժողովի շրջանակում հանդես է եկել որպես հիմնական բանախոս՝ մասնակցելով «Journalism & Geopolitics-EU and NATO coverage in Eastern Europe» խորագրով պանելային քննարկմանը։

Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իր խոսքում Տիգրան Բալայանն ընդգծել է անկախ մամուլի դերը՝ կարևորելով վստահելի տեղեկատվությունը, մասնագիտական պատասխանատվությունը և բաց հասարակությունում թափանցիկության ապահովումը՝ որպես ժողովրդավարության և կայուն զարգացման հիմք։

Դեսպանը ողջունել է «Europe Medialab» ծրագրի շրջանակում Հայաստանից գործուղված առաջին լրագրողի ներկայությունը Բրյուսելում՝ ընդգծելով ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածության կարևորությունը եվրոպական կառույցների աշխատանքներում, այդ թվում՝ Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ հարցերի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության բարձրացման տեսանկյունից։

Քննարկման ավարտին Տիգրան Բալայանը պատասխանել է մասնակիցների հարցերին՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ կառուցելու մեդիադաշտ` հիմնված ընդհանուր արժեքների վրա, և ապահովելու խոսքի ազատությունը։