Արդբեջանը զեղչված գնով 200 միլիոն խորանարդ մետր գազ կվաճառի Վրաստանին։ Պաշտոնապես գործարքը որակվել է որպես «սոցիալական գազի մատակարարում»։ Այս առնչությամբ համաձայնագիրը կնքվել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նատյա Տուրնավայի եւ ադրբեջանական SOCAR ընկերության նախագահ Ռովանգ Աբդուլաեւի, ինչպես նաեւ՝ վրացական GOGC-ի ղեկավար Գեորգի Բախտաձեի միջեւ։
Նոր համաձայնագիրը, ըստ էության փոփոխություն է կատարում դեռ 2016 թվականին կնքված եւ այժմ գործող գազամատակարարման պայմանագրում։ Զեղչված գնով գազը կուղղվի բնակչության կարիքների հոգացմանը, ինչպես նաեւ ՋԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրմանը։
Ինչ խոսք, չափազանց ուշագրավ է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Բաքուն եւ Թբիլիսին նման գործարք են կնքում։ Սա ավելի շատ նման է Բաքվի կողմից Թբիլիսիին «որոշ ծառայությունների դիմաց 30 արծաթ վճարելու», եթե հաշվի առնենք, թե Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ու դրանից առաջ որքան ահազանգեր եղան, որ Վրաստանի տարածքը որպես տարանցիկ երկիր օգտագործվում է Բաքվի եւ Անկարայի կողմից՝ ռազմական նպատակներով փոխադրումներ իրականացնելու, ասենք օրինակ՝ սիրիացի գրոհայիններ տեղափոխելու համար։