
Բանգլադեշի մայրաքաղաքում հագուստի գործարանում և քիմիական պահեստում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն ինը մարդ մահացել է, մի քանիսն էլ վիրավորվել են, հայտնել է Associated Press գործակալությունը։
Հրշեջ ծառայության ներկայացուցիչ Թալհա բին Ջաշիմը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է երեքշաբթի Դաքքայի Միրպուր շրջանում և, ենթադրաբար, սկսվել է կարի ֆաբրիկայի յոթհարկանի շենքի երրորդ հարկում։
Նա նշել է, որ փրկարարները հայտնաբերել են առնվազն ինը դի, մի քանի մարդ էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։
Ջաշիմը նշել է, որ զոհերի թիվը հնարավոր է, ավելի շատ լինի։ Հրդեհը վերահսկողության տակ է վերցվել երեկոյան, փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Բանգլադեշը հագուստի արդյունաբերությամբ Չինաստանից հետո աշխարհում երկրորդ խոշորագույն երկիրն է: Ոլորտում աշխատում է մոտ 4 միլիոն մարդ, հիմնականում կանայք։ Արդյունաբերությունը, որը տարեկան մոտ 40 միլիարդ դոլար է ապահովում արտահանումից, հիմնականում դեպի Միացյալ Նահանգներ և Եվրոպա, բախվել է արդյունաբերական բազմաթիվ վթարների և հրդեհների, որոնց պատճառը թույլ վերահսկողությունն ու շինարարական կանոնների խախտումն է։