Բանակում ծառայողները ցածրակարգ մարդիկ են․ Անդ...

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՔՊ-ական իշխանության վերնախավի մեծ մասը՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, խուսափել է զինվորական ծառայությունից։ Բոլորն էլ թղթերով հիմնավորել են իրենց չծառայելը՝ մեկը հիվանդ է, մյուսը՝ գիտնական, երրորդը՝ երկու ծառայած եղբայր ունի։ Չնայած այս բոլոր հիմնավորումներին՝ հասկանալի է, որ բանակ չեն գնացել, քանի որ բանակը համարել են միամիտների, կյանքում որևէ այլ անելիք չունեցող պարապների և, ամենակարևորը, աղքատների գործ։

Իշխանության ներսում այս համոզմունքի մասին առաջինը բարձրաձայն խոսեց ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը այս տարվա հունվարին․ «Մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաև պետք են գլուխներ, որոնք կօգնեն պետության տարբեր ճյուղերի զարգացմանը»,- ԱԺ նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էր նա։

ՔՊ-ում շատ արագ հասկացան այս հայտարարության հետևանքները, և Հռիփսիմե Հունանյանը կարճ ժամանակ անց հայտարարեց, որ հրաժարվում է հանձնաժողովի նախագահի պաշտոնից և չի ընդգրկվելու ՔՊ նախընտրական ցուցակում։

Անցան ամիսներ, և այս անգամ մեկ այլ ՔՊ-ական, բանակի հետ ուղիղ կապված պաշտոնյա՝ պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նսեմացրեց բանակում ծառայելը․ «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է. դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայի»,- լրագրողի հարցին ի պատասխան ասաց իշխանական պատգամավորը։

Փաստորեն, իշխանական վերնախավի՝ այն էլ պաշտպանության գործի պատասխանատուներից մեկը, շատ ուղիղ հայտարարում է, որ իր որդին բարձրակարգ մարդ է, և դրա համար չի ծառայել։ Ստացվում է՝ նրանք, ովքեր ծառայել են, ծառայում են կամ պատրաստվում են ծառայել, ցածրակարգ մարդիկ են։

Եթե այս հայտարարության համար Անդրանիկ Քոչարյանը չի պատժվում և չի հեռացվում ՔՊ ցուցակից, ապա սա կհաստատի, որ իշխանության ներսում հենց այսպիսի վերաբերմունք կա բանակի նկատմամբ։ Այդ դեպքում գնդակը լինելու է ընտրողների դաշտում։ Հունիսի 7-ին մարդիկ պետք է ցույց տան, թե ով է բարձրակարգ և ով՝ ցածրակարգ մարդ։