
Պատվարժան դատարան, թեև ես լսեցի, որ մեղադրյալներից պարոն Գալստյանը ներկա չի, բայց ես անհետաձգելի բնույթի միջնորդություն ունեմ, այն վերաբերում է իմ պաշտպանյալի խափանման միջոցի հարցին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16–ին, Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նա նաև նշեց, որ անհետաձգելի բնույթի այս միջնորդությունը չի կարող ներկայացնել դռնբաց նիստում, այն պետք է ներկայացնի դռնփակ նիստում։ Պաշտպանը միջնորդեց անցնել դռնփակ նիստի, եթե իհարկե առարկություններ չկան։
Վարդևանյանն ասաց՝ փորձել է կապ հաստատել դատարանի կազմի հետ, սակայն կապ հաստատել չի կարողացել։ Պաշտպաններ Ռուբեն Մելիքյանը, Հովհաննես Խուդոյանը հայտարարեցին, որևէ առարկություն չունեն։
Մեղադրող կողմն ասաց, Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է, եթե մեղադրյալներից մեկը ներկա չէ, ապա նիստը ենթակա է հետաձգման։
«Ես պատահական չեմ նշում, երբ ասում եմ՝ անհետաձգելի բնույթի միջնորդություն ունեմ, այնպիսի հանգամանքով պայմանավորված, որ հայտնի չի եղել ոչ դատավորին, ոչ հանրային մեղադրողներին, ոչ էլ նույնիսկ իմ գործընկերներին հայտնի չի եղել։ Պաշտպանյալիս հայտնի է դարձել նիստի ընթացքում։ Եթե ես այդպես եմ ասում, ուրեմն մեղմ ասած, կարևոր հանգամանք ունեմ ներկայացնելու»,-ընդգծեց Արամ Վարդևանյանը։
Դատավորը հայտարարեց 5 րոպե ընդմիջում, որպեսզի դատարանի դահլիճից դուրս գան ներկաները, ԶԼՄ ներկայացուցիչները։ Կարգադրիչներին խնդրեց ապահովել նիստի դռնփակությունը։