![ԱԺ նախագահը իր երեկվա աղմկահարույց հայտարարու...](/imgs/posts/medium/2025/02/a7ef1f3.png)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկվա իր աղմկահարույց հայտարարությունները այսօր փորձել է սրբագրել:
Նշենք, որ երեկվանից սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է իր այն հայտարարությունը, որ Մեղրիի ճանապարհը պետք է անխոչընդոտ լինի:
Այսօր նա ընտրել է երեք լրատվամիջոցի՝ սրբագրելու համար իր երեկվա խոսքը: Հատկանշական է, որ այդ երեք լրատվամիջոցների մեջ չի մտել նաեւ Հանրային հեռուստաընկերությունը, որի օպերատորը եւս այդտեղ էր, սակայն չեն թողել, որ ներս մտնի:
Նշենք, որ Ալեն Սիմոնյանը ոչ միայն Մեղրի մասին խոսքն է սրբագրել, այլ նաեւ արցախցիների վերաբերյալ իր երեկվա ոչ պակաս աղմկահարույց խոսքին է անդրադարձել:
Եթե երեկ նա մեղադրում էր արցախցիներին, որ չեն կռվել, այսօր արդեն հայտարարել է, որ նկատի է ունեցել կոնկրետ մարդկանց:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը, ի պատասխան արցախցի լրագրողի հարցի, ասել էր. «Որովհետև երբ որ դուք դուրս եկաք այդտեղից, անվտանգ չէր։ Չնայած կարելի էր մնալ ու մինչև վերջ պայքարել այն զենքերով, որոնք Հայաստանը թողել և տվել էր, քաղաքական սատարումով, բայց դուք դուրս եկաք։ Պետք էր կռվել»։
Լրագրողի դիտարկմանը, որ մարդիկ մորթվում էին, Սիմոնյանը կրկնեց. «Պետք էր կռվել։ Պետք էր կռվել։ Հայաստանը կռվել է, պետք էր կռվել»։