Ազգային ժողովը 54 դեմ, 33 կողմ ձայներով օրակարգ չի ընդգրկել Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը։
Խորհրդարանի քառօրյայի մեկնարկին «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» վերնագրով նախագիծը ներկայացրել է խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Հարակից զեկուցող, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հայտնել է, որ նախագիծը բացասական եզրակացություն է ստացել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։
Ըստ Եղոյանի՝ դրա համար երկու պատճառ կա։ Նախ՝ իշխանական պատգամավորները նախագծում ներկայացված գնահատականները համարում են կեղծ, սխալ և անկախ կազմակերպությունների կամ դիտորդների եզրակացություններով չհիմնավորված։
Երկրորդ պատճառը, ըստ նրա, նախագծի հեղինակ քաղաքական ուժն է։
«Եթե նույնիսկ ժողովրդավարական բարեփոխումների առումով բարելավելու տեղ ունենք, Դաշնակցության հետ անելիք չունենք։ Ով խոսի ժողովրդավարությունից, Դաշնակցությունը թող խոսի պատմական արդարությունից», - հայտարարել է Եղոյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկման ավարտին հայտարարել է, որ դեմ է քվեարկելու նախագծին։



