Այսօր մեծ պայքարի ու մեր հաջողության մեկնարկն...

Պայքարը շարունակվելու է, որովհետև վտանգն ավելի է մեծանում, ադրբեջանական դրոշն արդեն ծածանվում է Տեղ գյուղում, ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Ջերմուկի տարածքում: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, ԱԺ դիմաց  ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Եթե մեզ այսօր հաջողվի միասնաբար կանխել թշնամիներին ծառայող հանցախմբի գործունեությունը, ուրեմն կփրկվեն մարդկային կյանքեր, կփրկվի  հայրենիք»,-ասաց նա:

Ղազարյանի խոսքով, այս իշխանությունները խաբում են մարդկանց խաղաղության անվան տակ ելույթներով ու հենց այդ նույն օրն ասում են՝ կա պատերազմի սպառնալիք։

«Խաղաղություն  խոստացող մարդն ասում է՝ կա պատերազմի սպառնալիք, բայց խախտում է  Սահմանադրությունն ու սպառնալիքի պայմաններում չի հայտարարում ռազմական դրություն երկրի  պաշտպանությունը կազմակերպելու համար։ Ավելին՝  զինված ուժերը դուրս է բերում սահմանային պահպանության հատվածից ու այնտեղ տեղակայում ԱԱԾ սահմանապահ զորքեր, որոնք ի վիճակի չեն ֆիզիկապես դիմակայելու հակառակորդի որևէ  ռազական ագրեսիայի։

Եվ սա արվում է դիտմամբ»,- ասաց Է. Ղազարյանը։

Նա հայտարարեց, որ զավթվում է Սյունիքը. «Դա չի լինելու հանգիստ, խաղաղ, ինչպես հիմա են ադրբեջանիցները քայլ քայլ առաջ գնում, լինելու է  մեծ կորուստներով, մարդկային կյանքներով։ Պետք է փրկել մեր երկիրը։ Մենք փրկելու ենք այս երկիրը, ամեն ինչ այստեղ մեզ է պատկանում՝ մեր ժողովրդին։ Թույլ չենք տալու մեզ այն հանձնել հայրենիքի գողերին ու հայրենիքի թշնամիներին»։

Էդգար Ղազարյանն ասաց, որ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն այսօր առաջին հանրահավաքն է կազմակերպել. «Այսօր մեծ պայքարի ու մեր հաջողության մեկնարկն է, դրա ժամկետը որոշելու է Հայաստանի ժողովուրդը»։