
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Politik.am-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքապետարանի նվեր ստացած «ԿամԱԶ»-ների աղմկահարույց պատմությանը, կարծիք հայտնեց, որ պետք է հարուցվի քրեական գործ․ «Այս խնդրի լուծումը մեկն է՝ պետք է հարուցվի քերական գործ, պարզվեն գործի մանրամասները և մեր հնչեցրած հարցադրումներն ու պնդումները պետք է ամբողջությամբ պարզաբանվեն։ Հաստատվելու դեպքում մեղավորները և ներգրավված անձիք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Եթե այս ամենը չիրականացվի, կամ իրականացվի մասնակի քննություն և մնան բաց հարցեր կամ պարզապես ասվի, որ պատահական են թույլտվությունների և ստացված նվերների համընկնումները՝ կնշանակի, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը չի վերաբերվում յուրայիններին և այն իրական և համապարփակ չէ։ Ակնհայտ է, որ այստեղ կան կոռուպցիոն դրսևորումներ և այստեղ լուրջ անելիքներ ունեն իրավապահները»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ավագանու ընդդիմադիր անդամները բացահայտել էին, որ ամիսներ առաջ տարբեր գործարարներ աղբատար մեքենաներ են նվիրել քաղաքապետարանին։ Գործարարաների թվում էր նաև նախկին ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանը։ Ընդդիմադիրների այս հայտարարություններից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը հերքեց, որ նվիրատուների ցանկում կա նաև Ալեքսանյանը։ Օրեր անց պարզվեց, որ Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկը այնուամենայնիվ աղբատար մեքենաներ նվիրել է քաղաքապետարանին ։ Ավագանու անդամները նաև պնդում են, որ աղբատար մեքենաներ գործարարները նվիրել են քաղաքապետարանին որոշակի թուլտվություններ ստանալու դիմաց։
Խաժակյանը մեզ հետ զրույցում իշխող ուժին հորդորեց չմոռանալ ՀՀԿ-ի փորձը․ «Իրենք գուցե պատկերացնում են, որ շարունակակական է լինելու իրենց իշխանությունը ու պատասխան չեն տալու անօրինական արարաքների համար։ Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի խնդիրը օրենքի սահմաններում հանգուցալուծվի»,-ասաց մեր զրուցակիցը։