
Այսօր առավոտյան քննչական մարմինը՝ իրավապահ մարմնի ներկայացուցիչների ուղեկցությամբ, խուզարկություններ է կատարել Արագածոտնի թեմի հոգևորականների անձնական տներում, Արագածոտնի թեմի առաջնորդարանում և աշխարհիկ մի քանի աշխատակիցների բնակարաններում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15–ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Առգրավել են տարբեր տեսակի փաստաթղթեր, համակարգիչներ, այդ թվում, օրինակ, մի աշխարհիկ աշխատակցուհու ընտանիքի անդամների համակարգիչները, հեռախոսները, իրենց էլ փաստացի բերման են ենթարկել, բերել են այստեղ։
Բացի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանից մնացածը այստեղ են՝ վեց հոգևորականներ և մի քանի աշխարհիկ աշխատակիցներ՝ գանձապահ, գործավար, հաշվապահ և կարծեմ էլի կա։ Հիմա Մկրտիչ Սրբազանի տեղը չեն հայտնում, ընդ որում մենք պաշտոնապես դիմել ենք քննչական կոմիտեին և Երևանի քննչական վարչությանը, ներկայացրել ենք նաև մեր լիազորությունները հավաստող փաստաթղթերը և խնդրել ենք, որպեսզի ապահովեն մեր հանդիպումը Մկրտիչ Սրբազանի հետ, նրա իրավունքները պաշտպանելու նկատառումներից ելնելով:
Քննիչներն ասել են՝ մենք ձեզ բերման չենք ենթարկել, մենք ձեզ հրավիրել ենք, բայց բերել են իրենց մեքենաներով և իրենք այլ ընտրություն կատարելու հնարավորություն չեն ունեցել, փաստացի բերման ենթարկված են եղել։
Նրանք միաբերան բոլորը պնդեցին, եթե այդպես է, մենք գնալու ենք, մեզ ծանուցագիր տվեք, մենք կգանք մեր փաստաբանների ուղեկցությամբ և ձեր հարցերին կպատասխանենք։ Եթե իրենց հարկադիր բերման են ենթարկել և որպես վկա են հարցաքննում, նա արդեն ունի վկա կասկածյալի կարգավիճակ և քննչական մարմինը պարտավոր է նրանց պաշտպանության իրավունքը ապահովել։
Քննչական մարմինը այլ բան չի կարողացել այդ փաստարկի դեմ ներկայացնել և համաձայնվել են, որ այդպես էլ անեն։ Մեկ քահանայի տվել են ծանուցագիր, դուրս է եկել, հետո ներս կանչեցին ու մինչև հիմա դուրս չի եկել։ Հիմա բոլորը ներսում են, վկայի կարգավիճակով»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին, Զոհրաբյանն ասաց, որ այս դեպքում խոսքը բռնի անհետացման մասին է, որի համար նախատեսված է 3-7 տարի ժամկետով ազատազրկում. «Մենք այս մասով ես ինքս արդեն հաղորդում եմ ներկայացրել։ Մեր բոլոր փորձերը մեր վստահորդին հանդիպելու, փաստորեն, ձախողվել են։ Մենք չենք տեսել, մեզ ասել են, որ իրեն մեքենան են նստեցել և ասել են, որ բերում են Պարույր Սևակ 4 հասցեով, սակայն Մկրտիչ Սրբազանին այստեղ չեն բերել։
Այս ողջ գործը հակաեկեղեցական շարժման տրամաբանության մեջ է, բնականաբար սա ճնշում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ և սա էլ հենց այդ ճնշման շրջանակում է։
Մեր տեղեկություններով քրեական գործը առնչվում է հավաքներին իբրև հարկադրելու Տեր Արամի ցուցմունքի կամ հաղորդման հետ, նաև որոշակի ֆինանսական հարցերի հետ է կապված։ Ես վստահ եմ, որ Տեր Արամը ցուցմունք է տվել, շուտով այդ մասին կիմանանք։ Որքանով տեղյակ եմ, այո, Դանիել Իոանիսյանի հաղորդումն էլ կա»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։