
Politik.am-ը զրուցել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հետ։
Տիկին Վարդանյան, արդեն մեկ տարի է ձևավորված է Երևանի նոր ավագանին, որի անդամ եք նաև դուք։ Նախորդ տարվա իրադարձություններից հետո իշխանությունները կարողացան բացարձակ մեծամասնություն կազմել ավագանիում։ Ըստ էության, իրենք ցանկացած նախագիծ կարող են անցկացնել առանց մյուս երկու խմբակցության։ Ինչպե՞ս կգնահատեք այս պայմաններում ձեր թիմի աշխատանքը։
-Այո, բոլորս հիշում ենք՝ ինչի արդյունքում տեղի ունեցան ավագանու արտահերթ ընտրություններ և ինչպես ընտրվեցին և բացարձակ մեծամասնություն կազմեցին ներկա ավագանու իշխանական թևի ներկայացուցիչները։ Այո, այդչափ մեծամասնություն լինելով ցանկացած նախագիծ կարող են անցկացնել, և, գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ այդպես էլ լինում է։ Գիտեք, պարբերաբար ասում են թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով հաճախ են զգացնել տալիս և բարձրաձայնում՝ «մենք մեծամասնություն ենք, մենք ենք որոշում»։ Շատ ավելի լավ կլիներ, եթե ընտրությունները չանցնեին մեկ անձի շնորհիվ ձայն հավաքելով։ Այդ պարագայում կունենայինք վստահաբար այլ պատկեր և մեծ թվով ավագանու անդամներ։ Այնուամենայնիվ, մենք աշխատում ենք և մեր ձայնը լսելի դարձնում։ Հավատացեք, քանակով չէ որակը պայմանավորված։
Օրերս ներկայացվեց Երևանի զարգացման հնգամյա պլանը։ Ինչ կարևոր հարցեր կան, որոնք դուրս են մնացել զարգացման պլանից։ Ինչպիսի կետեր դուք կավելացնեիք։
-Բազմաթիվ կարևոր հարցեր և հիմնախնդիրներ, այո՛, դուրս են մնացել զարգացման ծրագրից։ Ու առհասարակ, ամոթալի է զարգացման ծրագիր կոչելը, որովհետև այն իրապես հետընթացի ծրագիր է։ Հանվել են վերելակների փոխարինում, վերգենտնյա ու ստորգետնյա անցումները, շրջանցիկ ճանապարհները, ստորգետնյա կայանատեղիները և այլն։ Մենք այժմ պատրաստում ենք մեր առաջարկները։
Նախընտրական շրջանում իշխող ուժը բազմաթիվ խոստումներ տվեց, որոնք ըստ էության կյանքի չեն կոչվում։ Հետևողակա՞ն եք լինելու, փորձելու՞ եք ստիպել իշխող ուժին կատարել հանրությանը տրված խոստումները։
-Այո, և այս տենդենցներով թույլ եմ տալիս ինձ կասկածել, որ այդ խոստումներն իրականություն կդառնան։ Դեռ շատ ենք հիշելու «Իմ Քայլի» նախընտրական տեսահոլովակը։ Մի շատ կարևոր բան եմ ուզում ընդգծել. որոշ ավագանու անդամներ և ընդհուպ քաղաքապետը ասում են՝ ասեցինք մաքրելու ենք, մաքրեցինք։ Ընկերներ, դա բնական է։ Իսկ ի՞նչ պետք է անեիք։ Դա քաղաքապետարանի բնականոն աշխատանքն է։ Դա լավ չի, դա նորմալ է։ Վստահաբար, մենք հետևողական ենք։ Ավագանու լիազորությունը նաև քաղաքապետի աշխատանքը վերահսկելն է և մենք դա անում ենք։ Հասարակությունն էլ տալիս և տալու է իր գնահատականը։
Օրերս հայտնի դարձավ, որ Նոր տարվա տոնական միջոցառումների համար միայն Երևանում ծախսվելու է ավելի քան 700 հազար դոլար։ Սա արդյոք շռայլություն չէ՞, հատկապես այն դեպքում, երբ կարևոր խնդիրներ չեն լուծվում ֆինանսների բացակայության պատճառով։
-Դեռևս այդ հոդվածի բացվածքը մանրակրկիտ չեմ ուսումնասիրել, այնուամենայնիվ, եթե հասարակությունը դրան լավ գնահատական է տալիս, ես դա չեմ քննադատի։
Տիկին Վարդանյան ձեր խմբակցությունը հաճախ է խոսել քաղաքապետարանի կողմից արվող գնումներում հնարավոր կոռուպցիոն վտանգենրի մասին։ Այսօր հստակ կարո՞ղ ենք ասել, որ որոշ գնումների դեպքում կան կոռուպցիոն վտանգներ։
-Այո, մի քանի գնումների պարագայում, մանավանդ երբ գնումն իրականացվում է մեկ անձից, իսկ տեխնիկական բնութագիրը գրված է կոնկրետ ապրանքի համար, մենք կարող ենք մեզ թույլ տալ մտածել, որ կարող է լինել կոռուպցիոն դրսևորում։