ԵԽԽՎ-ի կողմից երեկվա ընդունած անընդունելի բանաձևի հետ կապված ուզեցի այս ձևաչափով մի քանի պարզաբանում անել, բանաձևը խայտառակություն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Այնտեղ տեղ են գտնում այնպիսի ձևակերպումներ, և տեղ չեն գտնում այնպիսի փաստեր քաղբանտարկյալների և այլ թեմաներով, որ պարզապես անհասկանալի է, բայց դա մեր համար նորություն չի, դրա մասին մենք խոսել ենք ու խոսելու ենք: Խնդիրը կայանում է նրանում, որ այնտեղ առկա է առնվազն 3 կետ, որոնց մասին իշխանական քարոզչամեքենան չի խոսելու ու կարծում եմ, որ կարևոր է, որպեսզի դուք դա իմանաք։
Առաջին․ զեկույցում հստակ նշվում է, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, պետության հարձակումն է եկեղեցու վրա: Դա նշանակում է, որ այն հեքիաթները, որը Փաշինյանը պատմում է, թե սա եկեղեցու դեմ չի, հօդս են ցնդել նույնիսկ այս զեկույցի շրջանակներում, հստակ նշվում է, որ առկա է առճակատում պետության և եկեղեցու մեջ:
Զեկույցում՝ նույնիսկ հաշվի առնելով Փաշինյանի նկատմամբ եվրոպացիների լոյալությունն ու իրականությունը չարձանագրելու մոտեցումը, նշվում է, որ ընտրությունների ժամանակ պետք է բացառվի պետական ռեսուրսի սխալ օգտագործումը:
Հստակ նշվում է, որ անհրաժեշտ է պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները քաղաքական ազդեցությունից:
Պատկերացնում եք, թե ինչ ահռելի մակարդակի են այդ խախտումները և ինչքան անհնար է չնկատել ու կոծկել, որ անգամ միջազգային կազմակերպությունների մոտեցումը Փաշինյանի ցանկացած արարք պաշտպանելու, չեն կարողացել նրա մասին չներառել այս զեկույցում»,- եզրափակել է նա:



