
Երևան քաղաքի մայթերի մաքրման աշխատանքները զգալիորեն իրականացվել են, մշակվել և մաքրվել են հիմնական փողոցների մայթերը, ինչպես նաև շենքեր տանող հատվածները։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ ներկայացնելով մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքների ընթացքը։
Սակայն խնդիր է մնացել բակային տարածքներում, ինչն, ըստ Արեյանի, վկայում է, որ անհրաժեշտ է քննարկել «Տեղական ինքնակառավարման մասին» և «Բազմաբնակարան շենքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը։
«Այդպես էլ որևէ բնակիչ և որևէ համատիրություն նորմալ ձեռնամուխ չեղավ շենքերի հենց շքամուտքերի դիմացի հատվածները մաքրելու։ Բայց, այնուամենայնիվ, այս ընթացքում աղ ու ավազ է բաշխվել բոլոր կառավարման մարմիններին։ Ընդ որում, դա արվել է երկու օր առաջ»,-ասաց Կամո Արեյանը։