Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզին մարտի 30-ին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ավելի մեծ հստակություն է ցանկանում Իրանում շարունակվող պատերազմի նպատակների վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
«Ես ցանկանում եմ ավելի մեծ որոշակիություն տեսնել պատերազմի նպատակների հարցում և ցանկանում եմ տեսնել լարվածության թուլացում», - ասել է Ալբանիզին՝ պատասխանելով Թրամփի կողմից պատերազմը վարելու իր տեսակետի մասին հարցին։
Ավստրալիան ինքնաթիռներ է տրամադրել Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանությանն օգնելու համար վերջինիս խնդրանքից հետո, սակայն բացառել է ռազմածովային ուժերի նավեր ուղարկելը՝ Հորմուզի նեղուցի վերաբացմանն օգնելու համար։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։
Պատերազմը տարածվել է ամբողջ Մերձավոր Արևելքով՝ պատճառ հանդիսանալով հազարավոր զոհերի և առաջացնելով էներգամատակարարման պատմության մեջ ամենամեծ խափանումը և միևնույն ժամանակ հարված հասցնելով համաշխարհային տնտեսությանը։



