Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը պնդում է՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տեղեկացրել է կոռումպացվածության հասնող թայֆայականության մասին։
«Ավինյանի խորհրդական հանդիսացող քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավարը, որը Հայաստանում երբևիցե գործունեություն չի ունեցել, այսօր հանդիսանում է խոշորագույն նախագծային ընկերության սեփականատեր և համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր», - «Ազատության» եթերում հայտարարեց Սարհատ Պետրոսյանը։ Նա հստակեցրեց, որ խոսքն Ավետիք Էլոյանի մասին է։
Սարհատ Պետրոսյանի հայտարարության մասով մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեցինք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի հետ։ Փոխվարչապետի մամուլի խոսնակը politik.am-ի հետ զրույցում ասաց, որ Ավետիք Էլոյանը առաջիկայում հարցազրույց կտա և կներկայացնի իր տեսակետը։ Նրա հավանական պաշտոնանկության մասին խոսնակը հրաժարվեց մեկնաբանություն տալ։



