Ավելի քան 80 երկրներ առաջարկել են ստեղծել հան...

Բրազիլիայի Բելեն քաղաքում ՄԱԿ-ի կլիմային նվիրված COP30 խորհրդաժողովում ավելի քան 80 երկրներ հանդես են եկել հանածո վառելիքից հրաժարման ճանապարհային քարտեզ ստեղծելու օգտին։ Այս մասին գրում է Financial Times (FT) թերթը:   

Ավելի քան 80 երկրների ներկայացուցիչներ, որոնցից գրեթե 20-ը զբաղեցնում են նախարարական պաշտոններ, հանդես են եկել համաժողովի արդյունքներով փաստաթղթի ընդունման օգտին, որը COP30-ի երկրների համար կսահմանի վառելիքի այնպիսի տեսակների գործածումը դադարեցնելու պլան, ինչպիսիք են նավթը, գազը և ածուխը: Մասնավորապես, նման առաջարկ են ներկայացրել  Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Իռլանդիայի և Քենիայի ներկայացուցիչները: Ճանապարհային քարտեզի շրջանակում առաջարկվում է զարգացնել COP28-ի ընթացքում ձեռք բերված համաձայնագրի իրականացումը, երբ երկրներն արդեն պարտավորվել են մինչև 2050 թվականը հրաժարվել հանածո վառելիքի գործածումից: 

Ճանապարհային քարտեզի ստեղծման առաջարկությանը հավանություն են տվել նաև խոշոր ընկերություններ, այդ թվում՝ IKEA խանութների ցանցը կառավարող հոլանդական-շվեդական INGKA Holding ընկերությունը, ինչպես նաև Ֆրանսիայի Saint-Gobain շինանյութերի արտադրության խումբը, որոնք ստորագրել են համատեղ նամակ՝ հասցեագրված խորհրդաժողովի ղեկավարությանը: 

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ խորհրդաժողովը (COP30) տեղի է ունենում նոյեմբերի 10-ից մինչև 21-ը Բրազիլիայի հյուսիսի Պարայի նահանգի մայրաքաղաքում: