Տեղեկացնում եմ, որ ավարտում եմ իմ աշխատանքը Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում՝ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններ ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Վերջին երեքուկես տարիների ընթացքում աշխատել եմ վարչապետի աշխատակազմում։ Մամուլի քարտուղարի պատասխանատու պաշտոնը ստանձնել եմ մեր երկրի համար բարդ ժամանակահատվածում՝ փորձելով առավելագույնս ապահովել հանրային հաղորդակցության, թափանցիկության և հաշվետվողականության անհրաժեշտ պայմանները, լինել հնարավորինս հասանելի և նպաստել հանրության հետ արդյունավետ հաղորդակցությանը։
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարձր վստահության, համատեղ աշխատանքի, ձեռք բերած արժեքավոր փորձի և ընձեռած բացառիկ հնարավորության համար։
Իմ շնորհակալությունն եմ հայտնում նաև պետական կառավարման տարբեր մարմինների գործընկերներին, մամուլի քարտուղարներին և խոսնակներին՝ փոխվստահության վրա հիմնված համագործակցության համար։
Առանձնահատուկ ուզում եմ ընդգծել վարչապետի աշխատակազմի «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի» վարչության, «Ռազմավարական հաղորդակցության» վարչության, ինչպես նաև Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի բոլոր գործընկերների հետ աշխատանքը, որը կարևոր է եղել հաղորդակցության արդյունավետ կազմակերպման համար։
Եվ, իհարկե, հատուկ շնորհակալություն բոլոր լրագրողներին և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին։ Մեր համագործակցությունը ինձ համար մշտապես եղել է առանցքային։ Ձեր աշխատանքն ու հետևողականությունը չափազանց կարևոր են հանրության իրազեկման և պետական կառույցների գործունեության լուսաբանման հարցում։
Ինչպես գիտեք նախօրեին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ ընտրվել եմ Ազգային ժողովի Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։
Կհանդիպենք Ազգային ժողովում»։



