
Շատ ակտիվ մասնակցություն ենք սպասում, տրամադրությունս բարձր է: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, Գյումրիի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը: Նա քվեարկել է 31/64 ընտրատեղամասում:
«Ես հայտարարել եմ ամենսկզբից, որ «Հայաթ փրոջեքթի» ռեսուրսը չեմ օգտագործելու, որովհետեւ ես չեմ ուզում առավելություն ստանամ երիտասարդների դաշտում, որն այսպես, թե այնպես ունեմ:
Ես շատ ուրախ կլինեմ, որ երիտասարդները գան տեղամասեր, կոչ եմ անում հատկապես երիտասարդներին՝ անպայման գալ, մասնակցել, որովհետեւ էս քաղաքը կարիք ունի երիտասարդանալու: Իմ առաքելություններից մեկը ես պատկերացնում եմ հենց դա»,-ասաց նա:
Հարցին՝ անցանկալի զարգացումներ սպասո՞ւմ է, նա պատասխանեց. «Օրը ցույց կտա»:
Արդեն ընտրություն կատարելուց հետո Ռուբեն Մխիթարյանն ասաց, որ քվեարկել է հանուն հայկական, երիտասարդ, զարգացող, ավանդույթներով, արժեքներով լի, անցյալի հետ կռիվ չունեցող, ներկայում իմ լուսավոր ապագան կերտող Գյումրիի:
«Դեռեւս էական, մտահոգիչ բաներ չենք իմացել, ուղղակի տեղամասեր կան, որ կուտակումներն են շատ: Բազմաթիվ դիտորդներ կան, լրագրողներ կան, կարծում եմ՝ ամեն ինչ վերահսկողության տակ է»:
Նա հայտարարեց, որ ոչ մի ընդդիմադիր թեկնածուի հետ ինքը քննարկում չի ունեցել: Մխիթարյանն ասաց, որ եթե քաղաքապետ չընտրվի, ավագանու իր մանդատը պահելու է. «Ամեն ինչ գյումրեցիների ձեռքում է, ոչ մի վարչական ռեսուրս չի կարողանալու դիմակայել, եթե մարդիկ տնից դուրս գան ու գան ընտրության: Բարձր մասնակցության դեպքում ոչ մի վարչական ռեսուրս»:
Հարցին՝ եթե դառնաք քաղաքապետ, ինչպե՞ս եք աշխատելու Նիկոլ Փաշինյանի հետ, նա արձագանքեց. Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանին պետք է ինչ-որ մի կերպ պետք է դիմանալ: Ես սովորաբար ծողկեփունջ նվիրում եմ կանանց, պաշտոնա կանանց աշխատում եմ չնվիրել, որ դա չդիտարկվի որպեսզի դա չդիտարկվի որպես հատուկ վերաբերմունք: Իսկ Նիկոլ Փաշինյանին ծաղկեփունջ նվիրել չեմ պատրաստվում: Չկա այդպիսի կանոնակարգ, որ ՏԻՄ ղեկավարը պետք է դուրս գա եւ դիմավորի, որովհետեւ ինչպես իրեն է ժողովուրդն ընտրում, էդպես էլ ՏԻՄ ղեկավարին: Իրենք ուղիղ հիերարխիկ փոխկապակցվածություն չունեն»: