
Սանկտ Պետերբուրգում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության դատախազների
համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների դատախազությունների միջև
հաղորդակցության, միջազգային հարթակներում համագործակցության, ԱՊՀ տարածքում հանցավորության դեմ
պայքարում անդամ երկրների իրավապահ մարմինների ներուժը կոնսոլիդացնելու և առավել արդյունավետ
կիրառելու, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Անդամ երկրների գլխավոր դատախազները վստահություն են հայտնել, որ հանդիպումը նոր խթան
կհանդիսանա համակարգող խորհրդի շրջանակներում կապերի հետագա ամրապնդման և անդրազգային
հանցավորության առավել արդյունավետ հակազդման համար:
Նիստից հետո կայացել է երկկողմ հանդիպում նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և ՌԴ
գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի միջև:
ՌԴ գլխավոր դատախազը բարձր է գնահատել ՀՀ իր գործընկերոջ դերը ինչպես երկու երկրների
դատախազությունների միջև հարաբերությունների առավել սերտացման, այնպես էլ ԱՊՀ դատախազների
համակարգող խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման, միջազգային
հարաբերություններում գործընկերության ոգին ամրապնդելու առումով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արցախյան հակամարտության գոտում ստեղծված
հետպատերազմյան հումանիտար իրավիճակին, տարածաշրջանում խաղաղության ամրապնդման և Արցախի,
ինչպես նաև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների պաշտպանությանն առնչվող
խնդիրներին:
Կարևորելով հայ ռազմագերիների և այլ անձանց վերադարձման հարցում վերջին շրջանում
արձանագրվող որոշակի դրական տեղաշարժը՝ Արթուր Դավթյանը շեշտել է գործընթացի անվերապահ
շարունակման անհրաժեշտությունն ինչպես միջազգային հումանիտար իրավունքի, այնպես էլ հրադադարի
հաստատման 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով նախատեսված
պարտավորությունների կատարման տեսանկյունից՝ որպես տարածաշրջանում տևական խաղաղության և
կայունության հաստատման կարևոր երաշխիք:
ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է տարածաշրջանում կայունության ամրապնդման առումով ռուսական
խաղաղապահ և այլ ուժերի կատարած աշխատանքը, անձամբ Իգոր Կրասնովի կառուցողական դերը իրավական-
հումանիտար խնդիրների լուծման տեսանկյունից՝ մասնավորապես շեշտելով Ադրբեջանում ապօրինի պահվող
հայ ռազմագերիների և այլ անձանց վերադարձման հիմնախնդրի լուծման շրջանակում անհրաժեշտ
տեղեկատվության օպերատիվ փոխանակման, հրադադարի հաստատման եռակողմ հայտարարութան 8-րդ կետի
կատարման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ներդրած նրա
ջանքերը: