Արտգործնախարարի երեկվա հայտարարությունը անբար...

«ԱԳ նախարարի հայտարարությունն ուղղակի անբարոյականություն էր։ Մեղադրելը, թե եկեղեցին փորձում է իշխանություն վերցնել, ուղղակի ապսուրդ է»։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նշենք, որ նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով ԵԽԽՎ պատգամավորներից մեկի հարցին Հայաստանում բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունների մասին, հայտարարել էր, թե հոգևորականների նկատմամբ հալածանքներ չկան։

«Կա մի իրավիճակ, երբ Հայաստանի որոշ քաղաքացիներ հրապարակայնորեն կոչ են անում հեռացնել ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը՝ զինված հեղաշրջման միջոցով: Եվ հրապարակային կոչեր են անում սպանել Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներին, այդ թվում՝ ինձ։ Ինչպիսի՞ն կլինի ձեր որոշումը, ի՞նչ գործողություններ կանեք այս իրավիճակում։ Հայաստանում օրենքի գերակայություն կա, և Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է ենթարկվեն օրենքին՝ լինի դա հոգևորական, քաղաքական գործիչ, պաշտոնյա, չգիտեմ, դիրիժոր, արտիստ, ով էլ որ լինի»,-ԵԽԽՎ–ում հայտարարել էր Միրզոյանը։

Անդրադառնալով Միրզոյանի այդ հայտարարությանը և եկեղեցու շուրջ ստեղծված րավիճակին,  Ռոբերտ Քոչարյանն ասաց․

«Իշխանությունն է հարձակվել եկեղեցու վրա, և այնպիսի տպավորություն է, թե մտածում են՝ կարող են մտնել, փոխել և անձական օգտագործման կառույց ունենալ։ Սա է նպատակը։ Ինչու՞ նման հայտարարությունները բավարար արձագանք չեն ստանում Եվրոխորհրդարանում։ Խնդիրն ավելի շատ աշխարհաքաղաքական է։ Օրինակ, ԵՄ դիվանագիտության ղեկավարը Կայա Կալասն է, նա Էստոնիայի նախկին վարչապետն է եղել։ Վարչապետ եղած ժամանակ, նա հայտարարում էր, որ Ռուսաստանը պետք է մասնատել երեք մասի։ Փոքր երկրի ղեկավար ես, ո՞նց ես մասնատելու Ռուսաստանը, քո երկրի անվտանգության մասին ընդհանրապես մտածու՞մ ես։ Այդ հոգեբանությունն ունեցող մարդը դարձել է ԵՄ–ի համար մեկ դիվանագետը։ Այլ աչքով է պետք նայել այս ամենին, սրանք ծայրահեղ քաղաքականացված հայտարարություններ են, որոնք շատ դեպքերում իրականության հետ որևէ առնչություն չունեն»։