Արտաշատում ուսանողներին ՔՊ-ն առերևույթ փորձու...

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տարիներ շարունակ հայտարարում է, թե Հայաստանում ընտրակաշառքի էջը փակված է, և ընտրություններում այդ գործիքը այլևս չի կիրառվում։ Սակայն ընտրություններից առաջ իշխանական ղեկավարներ ունեցող համայնքներում վերջին օրերին տեղի ունեցող գործընթացները առերևույթ ստիպում են կասկածի տակ դնել այդ հայտարարությունների անկեղծությունը։

Ընտրություններից ամիսներ առաջ, հանկարծակի «հոգատարությամբ», Արտաշատի համայնքապետարանը որոշում է ուսանողների համար անվճար երթուղիներ բացել դեպի Երևան։ Փետրվարի 2-ից մեկնարկում են ուսանողական անվճար երթուղիները՝ Արտաշատ քաղաքից և գյուղական բնակավայրերից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ, ինչպես նշված է համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Սա, սակայն, դժվար է դիտարկել զուտ սոցիալական քաղաքականության շրջանակում։ Երբ նման որոշումները կայացվում են ոչ թե տարիների ընթացքում, այլ ընտրություններից անմիջապես առաջ, դրանք ավելի շատ հիշեցնում են համայնքային բյուջեի հաշվին իրականացվող քաղաքական տեխնոլոգիա։

Ավելին՝ Արտաշատ խոշորացված համայնքում որոշում է ընդունվում նաև մանկապարտեզները դարձնել անվճար։ Այո՛, մարդիկ կօգտվեն այս քայլերից, բայց հարցը մնում է բաց․ ինչո՞ւ այս «սոցիալական պայծառացումը» տեղի չի ունեցել նախորդ տարիներին, և ինչո՞ւ այն համընկավ հենց ընտրական շրջանի հետ։

Հիշեցնենք, որ պետական կամ համայնքային ռեսուրսի կիրառմամբ սեփական քաղաքական թիմի համար ձայներ ապահովելու փորձերը Նիկոլ Փաշինյանի համար նորություն չեն։ Դեռ 2017 թվականին նա երևանցիներին հրապարակավ կոչ էր անում ընտրել «ԵԼՔ» դաշինքը և հաղթանակից հետո քաղաքապետարանից գումար ստանալ՝ յուրաքանչյուր ձայնի դիմաց։

Այս ֆոնին իշխանության հայտարարությունները ընտրակաշառքի վերացման մասին ավելի ու ավելի են հիշեցնում ոչ թե սկզբունքային դիրքորոշում, այլ քարոզչական ձևակերպում։ Իսկ իրականությունը, ինչպես միշտ, երևում է ընտրություններից առաջ ընդունվող «անսպասելի» որոշումների մեջ։