Արսեն Բաբայանի տեսակցությունները արգելելու մասին որոշումից հասկանում ենք, որ նա պատանդ է Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական ճնշումների շրջանակում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։
Politik.am-ը Նարեկ Մալյանից փորձեց հասկանալ, թե ի՞նչ կարևորություն ունի Թովմասյանի հրաժարականի համար Բաբայանի կալանավորումը։ Ինչու՞ են փորձում հենց նրա միջոցով հասնել ՍԴ նախագահի հրաժարականին․«Պետք է արձանագրել, որ Հրայր Թովմասյանի շուրջ քրեական հետապնդումների օղակը սեղմելու արդյունքում նրա բազմաթիվ բարեկամներ, հարազատներ, շրջապատի մարդիկ, ծանոթներ անցան պետական մամլիչի միջով։
Բացառություն չէր նաև Արսեն Բաբայանը։ Ըստ էության քաղաքական առումով սակարկվում է Սահմանադրական Դատարանի նախագահի պաշտոնը և այդ սակարկությունների նժարի վրա դրված է՝ օրինակ Արսեն Բաբայանի ազատությունը, օրինակ Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը և այդպես շարունակ:
Արսեն Բաբայանը Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների գործի շրջանակներում հանդես է գալիս որպես պատանդ:
Այսինքն ազատազրկել են Արսեն Բաբայանին, նրան զրկել են տեսակցելու կամ հեռախոսազանգեր իրականացնելու իրավունքից նպատակ ունենալով, ինչ որ ցուցմունք կորզել Արսեն Բաբայանից՝ ընդդեմ Հրայր Թովմասյանի»,-ասաց Նարեկ Մալյանը։
«Այստեղ հետաքրքիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորը, միաձայն համաձայն են, որ ՍԴ նախագահի նկատմամբ իրականացվող գործընթացները բացառապես քաղաքակն են»․-ասաց Նարեկ Մալյանը հայտարարելով, որ այս մտքի հետ համաձայն են անգամ նրանք, ովքեր պնդում են, որ Թովմասյանը պետք է հրաժարական տա։



