Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Քրիստի...

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունը, Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել Քրիստինա Քվինի հետևողական ջանքերը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ դեսպանի ներդրումն անժխտելի է։ Նախարարն ընդգծել է դեսպանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հանգամանքը։

Կարևորելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Արփինե Սարգսյանը փաստել է, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով կյանքի են կոչվել Ներքին գործերի նախարարության բարեփոխումների օրակարգի մի շարք կարևոր ծրագրեր։

Քրիստինա Քվինը արդյունավետ ու կառուցողական համագործակցության համար շնորհակալություն է հայտնել անձամբ նախարարին և նախարարության թիմին։

Դեսպանը բարձր է գնահատել համատեղ իրականացված ծրագրերը, նաև մի շարք հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ակտիվ փոխգործակցությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել TRIPP նախագծի իրականացման, նախարարության հետ գծագրված առաջիկա ծրագրերի իրացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին նախարարը դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ՝ ընդգծելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի բարեկամը: