Արմեն Սարգսյանը հանդիպել է Նուրսուլթան Նազարբ...

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ «Նազարբաև» կենտրոնում այսօր հանդիպել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ  նախագահի մամուլի ծառայությունը։

Ողջունելով Հայաստանի նախագահին՝ Նուրսուլթան Նազարբաևը մասնավորապես նշել է, որ Ղազախստանը պատմականորեն շատ ջերմ հարաբերություններ ունի Հայաստանի հետ:

«Դուք միանգամայն իրավացի եք,- ի պատասխան՝ ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: -Մեր հարաբերությունները շատ սերտ են և բարեկամական:

Սրանք պարզապես խոսքեր չեն, հատկապես որ երկար տարիներ Ղազախստանում կա հայկական համայնք, որը շատ բարեկեցիկ է ապրում»: Երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների պահպանման ու զարգացման առումով զրուցակիցներն առանձնահատուկ են կարևորել Ղազախստանի հայ համայնքի դերը: Նուրսուլթան Նազարբաևը նշել է, որ հատկապես հետխորհրդային տարիներին՝ երկու երկրների անկախությունից հետո սերտորեն համագործակցել է Հայաստանի բոլոր ղեկավարների հետ:

«Մեր երկրների միջեւ չլուծված խնդիրներ չկան»,- ընդգծել է նա: Նախագահ Սարգսյանն ու Նուրսուլթան Նազարբաևը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցությունը զարգացնելու ուղղությունների ու հնարավորությունների, բազմակողմ հարթակներում, մասնավորապես Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության, ինչպես նաև մեր տարածաշրջանում առկա հրատապ խնդիրների շուրջ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է հետպատերազմյան շրջանում Հայաստանում և տարածաշրջանում ի հայտ եկած մարտահրավերներին և առաջացած մարդասիրական խնդիրներին: