
Նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը դեռ մտմտում է և ճանապարհներ փնտրում քաղաքական գործընթացներին մասնակցելու համար։
Այս տարվա հունվարի 11-ին Արմեն Սարգսյանն իր տեսլականը ներկայացրեց հոդվածի տեսքով։ «Դեպի «Չորրորդ Հանրապետություն»» վերտառությամբ հոդվածում Արմեն Սարգսյանը փորձել էր ներկայացնել իր տեսլականը․ ««Չորրորդ Հանրապետությունը» պետք է դառնա մեր ժողովրդի նոր գաղափարական, հայեցակարգային և բովանդակային հիմքը: Շեշտը դրվելու է պետության որակի վրա, որը պահանջում է ամբողջ աշխարհի մեր հայրենակիցների հետ փոխհարաբերությունների համակարգի արմատական վերանայում: Աշխարհաքաղաքական ընկալումները, քաղաքականությունը, տնտեսությունը, անվտանգությունը, ռազմաարդյունաբերական համալիրը, բժշկությունը, գիտությունն ու կրթությունը ստեղծում են մարդիկ, և այսօր մենք լավագույն մասնագետների սուր կարիք ենք զգում»,-գրել էր նա:
Այս հոդվածն, ըստ էության, պետք է լիներ Արմեն Սարգսյանի՝ քաղաքական գործընթացներին իր դեմքով մասնակցելու մեկնարկը, բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, նա դեռ չի որոշել բաց մասնակցել գործընթացներին։
Այս պահին Արմեն Սարգսյանի հոդվածից «հուշ» է մնացել «Չորրորդ հանրապետություն» անվամբ ֆեյսբուքյան էջը, որը հակաքարոզչություն է իրականացնում Հաայստանի նախկին բոլոր առաջնորդների դեմ։ Էջում հրապարակվող տեսանյութերը հանրությանը ապացուցում են, որ որևէ ղեկավարի օրոք լավ չի եղել և լավ կլինի միայն այն դեպքում, երբ գա «ապագան բերող» առաջնորդը։
Հետաքրքիր է, որ Արմեն Սարգսյանի գաղտնի գովազդին ծառայող այս քարոզչական էջը հանրությանը չի հիշեցնում այն, որ Արմեն Սարգսյանը նախագահ է դարձել իր կողմից քննադատվող և աղետ համարվող նախկին իշխանությունների և կոնկրետ Սերժ Սարգսյանի շնորհիվ։
Հայաստանն իրականում ապագա բերող առաջնորդի կարիք ունի, բայց այդ առաջնորդը չի կարող լինել նախկինների բերած և լեգիտիմության խնդիր ունեցող Արմեն Սարգսյանը։