
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն անդրադարձել է «Հետք» լրատվականի հոդվածին, որն առնչվում էր ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի որդու՝ Ռոբերտ Աբազյանի կողմից Երևանի կենտրոնում բնակարանի ձեռքբերմանը։
««Hetq.am» լրատվական կայքում ս.թ. ապրիլի 29-ին հրապարակված «600.000 դոլարանոց գույքը չի ներառվել բռնագանձման ցուցակում․ այն գնել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի որդին» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ «Հետք» լրատվականի կայքի լրագրող Տիրայր Մուրադյանը դեռևս 31.03.2025թ.-ին հարցում էր հասցեագրել ՀՀ ԱԱԾ տնօրենին որդու՝ Ռոբերտ Աբազյանի ձեռք բերած բնակարանի վերաբերյալ, որի կապակցությամբ ԱԱԾ աշխատակազմի ղեկավարը հայտնել էր, որ հայցվող տեղեկատվությունը վերաբերում է ԱԱԾ տնօրենի որդուն՝ Ռոբերտ Աբազյանին, ուստի հայցվող տեղեկատվությունը ԱԱԾ-ն չի կարող տրամադրել, ինչի մասին հոդվածում նշվել է:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Ռոբերտ Աբազյանը որպես չափահաս ՀՀ քաղաքացի վերոնշյալ գույքը ձեռք բերելու համար գործարք է կնքել քաղաքացի Եղիշ Համբարձումյանի հետ և հիփոթեքային վարկավորման միջոցով գնել տվյալ բնակարանը:
Հոդվածում վկայակոչված, գույքի նախկին սեփականատիրոջ և գույքի նախապատմության հետ Ռ. Աբազյանը որևէ առնչություն չի ունեցել և չէր էլ կարող ունենալ, քանզի վերջինս գույքը ձեռք է բերել քաղաքացի Եղիշ Համբարձումյանից, ով եղել է այդ գույքի օրինական սեփականատերը:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Ռոբերտ Աբազյանը չի զբաղեցնում որևէ պետական պաշտոն, զբաղվում է ձեռներեցությամբ: Ուստի հաշվի առնելով ձեռնարկատեր Ռոբերտ Աբազյանի եկամուտների չափը՝ հիփոթեքային վարկավորումը տրամադրվել է 100 տոկոսով՝ առանց նախավճարի»,- ասվում է «Արմենպրես»-ին տրված պարզաբանման մեջ։