Արմավիրի մարզում եւս մեկ արեւային կայան կկառո...

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 12-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՅՈՒՆԻՔՈ» ՍՊԸ-ին: Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է տեղադրել և շահագործել 3 ՄՎՏ հզորությամբ արևային կայան, արտադրված էլեկտրական էներգիան վաճառելով ազատ շուկայում։

Ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ ստացել է էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա՝ 3 ՄՎՏ հզորության համար։

Ըստ գնահատականների, արևային կայանը հնարավորություն կտա արտադրելու տարեկան շուրջ 5.623 մլն կՎՏժ էլեկտրաէներգիա:

Այն էական ազդեցություն կունենա արտադրական ողջ պրոցեսի արդյունավետության և արտադրողականության վրա, ի վերջո իր դրական ազդեցությունը կունենա հնարավորություն ընձեռնելով տարբեր ընկերություններին և անհատներին ձեռք բերել մատչելի էլեկտրաէներգիա։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։

Արդեն իսկ իրականացվել է 310 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում ներդրումների ծավալը արևային կայանի մասով կազմում է շուրջ 460 մլն դրամ, որից շուրջ 340 մլն դրամը նախատեսվում է սարքավորումների և նյութերի ձեռքբերման, իսկ շուրջ 96 մլն դրամ այն տեղակայելու հետ կապված շինմոնտաժային աշխատանքների համար, ինչպես նաև 24 մլն դրամ խորհրդատվության համար։

Ներկայումս առկա է 3 աշխատատեղ՝ 97 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2025 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 5-ի՝ 106 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 79․2 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 5․2 մլն դրամ: