ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից տեղեկացնում են, որ Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով դեկտեմբերի 2-ին կմեկնի Միացյալ Նահանգներ։ Օրակարգում՝ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգն է։ Եթե համեմատենք Հայաստանի ղեկավար կազմի այսպես ասած՝ «առաջին էշելոնի» պաշտոնյաների՝ դեպի Արեւմուտք կատարած այցերի քանակը, ապա կարող ենք արձանագրել, որ Արմեն Գրիգորյանն ամենից հաճախն է լինում Արեւմուտքում եւ այս ցուցանիշով նա նույնիսկ գերազանցում է Նիկոլ Փաշինյանին։
Ավելին, Արեւմուտքից Հայաստան ցանկացած քիչ թե շատ նշանակալի պատվիրակություն երբ այցելում է, անպայման հանդիպում են նրա հետ։ Մշտապես դեպի Արեւմուտք կողմնորոշում ունեցողի համբավ ունեցող Արմեն Գրիգորյանը, ըստ առկա տեղեկությունների, բավականին ամուր կապեր ունի Մեծ Բրիտանիայում։ Նա Արեւմուտք իր այցերի ընթացքում կարեւոր հարցեր է քննարկում։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Արեւմուտքում՝ եւ Միացյալ Նահանգներում, եւ ԵՄ-ում եւ Լոնդոնում, նրան վստահում են, համարում իրենց քաղաքական գծի՝ Հայաստանում առաջ տանելու պատրաստ հենարանն ու գործիչը, որի վրա կարելի է «խաղադրույք կատարել։
Հայաստանի ԱԽՔ-ը վերջերս եղավ նաեւ Իրանում, այնտեղ էլ բավականին կարեւոր հարցեր քննարկեց եւ այցից հետո Թեհրանից «լուրեր» հասան, որ Արեւմուտքը թերեւս հենց նրան է «պատրաստվում» դարձնել Հայաստանի վարչապետ, որպես Փաշինյանին փոխարինողի, իհարկե, եթե Փաշինյանից հետո Արեւմուտքը կարողանա Հայաստանում իրավիճակը պահել իր վերահսկողության ներքո։
Հայաստանի ներքաղաքական կյանքում բավականին ակտիվորեն եւ բավականին համառորեն շրջանառվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին լուրերի համատեքստում Արմեն Գրիգորյանի այս «վոյաժներն» ու առհասարակ նրա կերպարը դառնում են բավականին ինտրիգային։
Նկատենք, որ Արմեն Գրիգորյանը Փաշինյանի վարչախմբում այն եզակի ներկայացուցիչներից է, որպես «առաջին էշելոնի» պաշտոնյա, ով ունի համարձակություն Նիկոլ Փաշինյանի տեսակետից տարբեր տեսակետներ արտահայտելու արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ, ինչը անուղղակիորեն ապացուցում է, որ Հայաստանի գործող իշխանությունների «փայատերերի» շարքում նրա «թիկունքը» բավականին «պինդ է»։