Արդյոք Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ Փաշինյանի...

Բավական հետաքրքիր է կողքից դիտելը Հայաստանի իշխանությունների պահվածքին, հատկապես, երբ հարցը վերաբերում է Ռուսաստանի, կամ Ռուսաստանի կողմից ստեղծված ինտեգրացիոն միավորների հետ հարաբերություններին։ Մասնավորապես, խոսքը Երեւան-ՀԱՊԿ վերջին «լեզվակռվի» մասին է։ Ընթերցողը թերեւս կհիշի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունը կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային լարվածության հետ, ըստ որի, ՀԱՊԿ-ն այդ լարվածությանը չի խառնվելու, քանի որ դա «սահմանային միջադեպ» է։ Այս հայտարարությանը «Ազատության» եթերում բավական թույլ հակադարձում կամ մեկնաբանություն է կատարում իշխանական թիմից Ռուբեն Ռուբինյանը, առաջ բերելով հատկապես ադրբեջանական մեդիայում հրճվանքի հերթական պոռթկումը։ Զուգահեռ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունենում Ստանիսլավ Զասի հետ, եւ այսպես ասած՝ նախազգուշացնում է ավելի զուսպ խոսել Հայաստան-Ադրբեջան սահմանի լարվածության հետ կապված։

Արդեն երեկ, Վերին Շորժայում միջադեպ է տեղի ունենում։ Երեկ նաեւ հայտնի է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա։ Մամուլում ակտիվորեն սկսվում է շրջանառվել այն, որ նոր փաստաթուղթ է ստորագրվելու, որով Հայաստանի սահմանների պահպանությունն ամբողջապես հանձնվելու է ռուսներին։ Երեկոյան արդեն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է կրկին խոսում Զասի հետ իր հեռախոսազրույցի եւ այն բանի մասին, որ Զասի հայտարարության տոնայնությունը ինչ որ առումով, «թեւավորեց» ադրբեջանական կողմին եւ եղավ Վերին Շորժայի միջադեպը։

Տպավորությունն այնպիսին է, որ մի կողմից Նիկոլ Փաշինյանն ամեն բան անում է, որպեսզի հաճոյանա ռուսներին, կատարի նրանց բոլոր ցանկություններն ու քմահաճույքները, անմնացորդ կերպով սպասարկելով Կրեմլի շահերը, մյուս կողմից, իր թիմակիցների բերանով փորձում է ինչ որ հակառուսական տրամադրություններ ստեղծել։ Ընդ որում, որոշ դեպքերում էլ, դատելով, օրինակ Ռուբինյանի հայտարարություններից, թիմակիցներն իրենք են երկվության մեջ եւ փորձում են անել այնպես, որ իրենք իրենց ապահովագրած լինեն։

Սա ինչ խոսք, շատ հետաքրքիր է, որովհետեւ Հայաստանում էլ արդեն խոսում են այն մասին, որ Արմեն Գրիգորյանի հայտարարություններով Փաշինյանը հիմք է նախապատրաստում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն անել, հատկապես, որ կարծես, թե ռուսական կողմը /որեւէ մեկի համար իհարկե գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ը դա Ռուսաստանն է/ մեզ մեղմ ասած ՀԱՊԿ-ի խողովակով ուղարկում է գրողի ծոցը, բայց Տաջիկստանին ամենաբարձր մակարդակով խոստանում է ՀԱՊԿ աջակցություն եւ ապա, արդեն կրեմլյան եւ մերձկրեմլյան վերլուծաբաններից Ստանիսլավ Տարասովի բերանով հասկացնում է բառացի հետեւյալը․ «ՀԱՊԿ-ի դիրքորոշումները ձեզ դուր չեն գալիս, ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսեք»։ Սա ինչ որ շատ խառն ու բազմաշերտ, բազմակոմբինացիոն խաղ է, որը թե ինչով կավարտվի, դժվար է ասել։