Արդեն երեք ժամից ավելի է՝ Ազգային ժողովում ընթանում է անհետ կորած զինծառայողների ծնողների հետ փակ հանդիպումը:
Նախատեսված էր, որ այս ընթացքում ընդմիջում է լինելու, բայց ընդմիջումը չի օգտագործվել:
Ժամանակ առ ժամանակ փակ դռների հետեւից լսելի են բարձր ձայներ, հանդիպումն անցնում է բավականին լարված մթնոլորտում:
Ծնողների մի մասը դահլիճում է, իսկ մեծ մասը լրագրողների համար նախատեսված օթյակում: Օթյակում նստած ծնողներից մեկի ինքնազգացողությունը քիչ առաջ վատացավ:
Թե դեռ որքան կձգվի հանդիպումը, հայտնի չէ:
Նշենք, որ փակ հանդիպումը վարում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Հանդիպմանը մասնակցում են ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի մյուս անդամները, նաեւ ԱԺ բոլոր խմբակցություններից պատգամավորներ:
Հանդիպմանը հրավիրված են պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը: