Եկեք արձանագրենք հետևյալը, որ այդ մարդիկ չեն տեղափոխվել Հայաստան, այդ մարդիկ տեղահանվել են։ Այս մաին այսօր՝ հունվարի 28–ին, Բանակի օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս Արցախից Հայաստան տեղափոխվեցին Արցախում մնացած վերջին հայերը և իշխանությունը դա ներկայացնում էր որպես երկուստեք համաձայնություն, մինչդեռ տեղափոխված քաղաքացիների հարազատները պնդում են որ նրանք մինչև վերջին պահը մինչև Հակարի կամուրջն անցնելը տեղեկություն չեն ունեցել այդ մասին։
«Իրենք ապրում էին իրենց հայրենիքում, իրենք միամտաբար մտածել են, որ այնուամենայնիվ կարելի է փորձել շարունակել ապրել, բայց քանի որ հայրենիքը բռնազավթված է օկուպացված է թշնամական ուժի կողմից, այդ թշնամական ուժը ի վերջո իրենց տեղահանել է։ Սա տեղահանություն է և բնականաբար որևէ կերպ չի կարելի ներկայացնել որպես համաձայնության արդյունք։ Այլընտրանքը ո՞րն էր, որ այդ մարդկանց ֆիզիկապես ոչնչացնեի՞ն։ Գուցե շատերին ֆիզիկապես ոչնչացնել են, մենք նույնիսկ դրա մասին տեղեկությունը չունենք, բայց այն որ այդ մարդկանց բռնի տեղահանել են, դրանով վերջին կնիքը դնելով Արցախի հայաթափման վրա, որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես դրական արդյունք»,–ասաց նա։



