Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մ...

Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվ ագրեսիվ պահվածքը դրսևորվել է ԱՀ Պաշտպանության բանակի՝ տարբեր բնակավայրերին կից տեղակայված դիրքերի հրաձգային զինատեսակներով գնդակոծություններով։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱՀ Անվտանգության խորհուրդը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այդօրինակ զինված սադրանքներին արդեն ավելացել է նաև ականանետերի կիրառումը։

Շեշտում ենք, որ հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը՝ նպատակ ունենալով առաջացնել խուճապ։

Սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակը համագործակցում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին։

Միևնույն ժամանակ, ադրբեջանական տեղեկատվական հարթակներում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում Ուկրաինա տեղափոխելու նպատակով, չի համապատասխանում իրականությանը: Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել իր առաքելությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների:

Հորդորում ենք բնակչությանը՝ զերծ մնալ խուճապային տրամադրություններից։ Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից»: