Արցախի քաղաքական վերնախավը մաքրում ե՞ն «սորոս...

Մամուլի հրապարակումների համաձայն, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն առաջիկայում հրաժեշտ կտա զբաղեցրած պաշտոնին։ Հիշեցնենք, որ Մասիս Մայիլյանն ընկալվում է իբրեւ Հայաստանի իշխանական համակարգի թեւերից մեկն հանդիսացող, պայմանական ասած «սորոսականների ճամբարի» ներկայացուցիչ, ում մուտքն ի դեպ, մինչեւ 2025 թվական Ռուսաստանի Դաշնություն արգելված է։ Ի դեպ, ՌԴ մուտք գործել չի կարող նաեւ Արցախի արդեն նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը։ Մասիս Մայիլյանի հնարավոր պաշտոնանկությունը գուցե նպատակահարմարությունից թելադրված քայլ է։ Ի վերջո, առաջիկա հինգ տարիներին Ստեփանակերտը ուղիղ խոսելու է Մոսկվայի հետ, իսկ այդ պարագայում Մայիլյանը ամենահարմար թեկնածուն չէ։ Մյուս կողմից, որպես սորոսական, Մայիլյանը նաեւ չի կարող վստահություն վայելել Ռուսաստանի իշխանությունների մոտ։ Այստեղ հետաքրքիր է դառնում մի հարց։ Անմիջականորեն /խոսենք ռեալ-պոլիտիկի դիրքերից/ ռուսների ազդեցության գոտում հայտնված Արայիկ Հարությունյանը սեփական որոշումով է հեռացնել Մասիս Մայիլյանին ԱԳ նախարարի պաշտոնից, թե դա նախ եւ առաջ ռուսների թելադրանքն է եւ ապա՝ արդյոք Ռուսաստանը նաեւ Հայաստանի իշխանական համակարգի համար էլ նման պահանջ չի ձեւակերպել։ Ի վերջո, Փաշինյանն հիմա այն վիճակում է, որ նույնիսկ Ռուսաստանի նախագահի երկիմաստ նախադասությունները ընկալում է որպես փրկօղակ եւ փորձում այդ կերպ երկարացնել ՀՀ վարչապետի աթոռին գտնվելու իր ժամկետը։