Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հորդորում է ավելի զգոն լինել խարդախության միջոցով գումարի հափշտակման դեպքերի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ հետպատերազմյան շրջանում նման դեպքերի որոշակի աճ էր գրանցվել, ինչը վերջին ժամանակահատվածում նվազել է:
Արձանագրվել են նաև համակարգչային տեխնիկայի օգնությամբ գումար շորթելու դեպքերը: Ձեռնարկվում են համապատասխան քայլեր նման հանցագործությունների բացահայտման և ապագայում դրանք բացառելու ուղղությամբ:
ՆԳ նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն և նման զանգերին արձագանքելուց հետո անհապաղ դիմել տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին:



