Ոչ ոք չի ժխտում, որ կառավարող ուժն է նախևառաջ կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ ընդգծելով, որ դրանից հնարավոր չէ խուսափել։
«Ես ընդունում եմ սա, և հետևություններ կլինեն: Հենց այդ պատասխանատվությունն է մղել վարչապետին ստորագրել եռակողմ հայտարարությունը, որով կանգ են առել տվյալ պահին խիստ վտանգավոր ռազմական գործողությունները:
Դրանով փրկվել է 20-30 հազար զինվորի կյանք, պահպանվել է Ստեփանակերտը՝ Արցախի առանցքը։ Միաժամանակ, չեմ ընդունում, որ տեղի ունեցածը դիտարկվում է իբրև վերջին 2.5 տարվա կառավարման հետևանք և պարզունակացվում է Արցախի խնդիրը։
Այս խնդրահարույց իրավիճակը, որին ստիպված ենք առերեսվել, ո՛չ 2.5, ո՛չ էլ անգամ 25 տարվա քաղաքականության հետևանք է միայն, այլ նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ուժային հարաբերությունների տեղաշարժերի հետևանք», - գրել է նա։



