Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ապրիլի 28-ին տեսակապով զրուցել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի հետ։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից, նախարար Բաբայանը դատապարտել է նախօրեին ՄՄՀ մի շարք պետական կառույցների վրա իրականացված ահաբեկչական հարձակումները և Արցախի իշխանությունների և ժողովրդի անունից համերաշխություն հայտնել Մերձդնեստրի եղբայրական ժողովրդին։
Ըստ աղբյուրի՝ քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին, ինչպես նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև կապերին առնչվող հարցեր։