Արցախցիները հայ ժողովրդի մի մասնիկն են, տարբե...

Արցախցիների իրավունքների հարցը դիտարկում եմ երկու հիմնարար տեսանկյունից՝  Հայաստանում  արցախցիների իրավունքների պաշտպանության վիճակն է, որը հիմնված է արդարության սկզբունքի վրա, և երկրորդը՝ արցախցիների վերադարձը պատմական հայրենիք: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի շտաբում տեղի ունեցած հանդիպում-քննարկման ասաց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Նա ընդգծեց, որ արցախցիներին ողորմություն տալու մասին խոսք չպիտի գնա. «Տասնյակ հազարավոր մարդիկ անելանելի վիճակում են, մարդկային ճակատագրերի, երեխաների իրավունքների հարցն է։

Ես իմ աջակցությունն եմ հայտնում, պետք է հասկանալ՝ լրացուցիչ ինչ ջանքեր, միջոցներ ձեռնարկել այս հարցերը լուծում ստանալու համար»։

Թաթոյանը նշեց, որ արցախցիները հայ ժողովրդի մի մասնիկն են, տարբերություն չկա, ըստ այդմ էլ պետք է լինի վերաբերմունքը։

«Այսօր արցախցիների պայքարը տեղի է ունենում սոցիալական ցանցերում,  հրապարակային աղբյուրներով  արցախիցների նկատմամբ անթույլատրելի, շատ բարձր աստիճանի ատելության պայմաններում։ Նպատակային քարոզվում է ատելություն, թշնամանք։ Սա հայ ժողովրդին, միասնական ժողովրդին պառակտելու քաղաքականություն է։ Ռեալ այդ վիճակն է։ Մեր գերխնդիրն է,  մեր արտաքին մարտահրավերներն այնպիսին են, որ մեզ անհրաժեշտ է  համերաշխություն, համահայկական համերաշխություն։

Սփյուռքում էլ պառակտումներ են տարածվում։ Սա քաղաքական իշխանությունների քաղաքական քայլերի հաշվարկների արդյունքն է, չի բխում Հայաստանի անվտանգության մարտահրավերներից, հայ ժողովրդին համախմբելու,  համերաշխութունն ապահովելու գերակայություններից»,- ասաց Ա.Թաթոյանը։