Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով Արա Բադ...

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ 2020 թվականին (խմբ. Արարատ Միրզոյանն այդ ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն էր) իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման։ 

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ 

«Հաշվի առնելով անձի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, ազատության մեջ գտնվելու օրերը հաշվակցվել են նշանակված պատժին և մեղադրյալին թողնվել է կրելու փաստացի ազատազրկում մեկ տարի 11 ամիս 23 օր»,- ասացին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ 

Գերատեսչությունից նշեցին, որ դատական ակտը ստանալուց հետո դատախազության կողմից ներկայացվելու է վերաքննիչ բողոք։ 

2023 թվականի հունվարի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ Արա Բադոյանը 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո՝ պատերազմի դադարեցման պայմաններից դժգոհ մի խումբ անձանց հետ, մասնակցել է զանգվածային անկարգությունների՝ կառավարական, խորհրդարանական շենքերի և ՀՀ վարչապետի կեցավայրի մերձակայքում։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Բադոյանը միացել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրողներին և, ճեղքելով հավաքվածների շարքերը, մոտեցել գետնին ընկած Միրզոյանին՝ հարվածելով նրան ոտքով։

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ զանգվածային անկարգությունների և պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։