Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է ներառական կրթութ...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքիսա Սվաջյանը Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանի ղեկավարության հրավերով մասնակցել է Erasmus+ ծրագրի շրջանակում բուհի կողմից կազմակերպված դասավանդման և վերապատրաստման ծրագրին:

Ավեյրոյի համալսարան այցի շրջանակում նախարարի տեղակալը քննարկումներ է ունեցել ներառական կրթության հիմնահարցերի շուրջ, մասնավորապես՝ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում համատեղ ծրագրերի միջոցով կրթական ծրագրերի վերանայման և մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կրթական ծրագրերի՝ ժամանակակից պահանջներին համապատասխանության վերաբերյալ:

Նախարարի տեղակալը նաև այցելել է պորտուգալական մի շարք կրթական հաստատություններ, ծանոթացել հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վարչատնտեսական կառավարման, ինչպես նաև ներառական կրթության ու մանկավարժահոգեբանական ծառայությունների մատուցման պորտուգալական փորձին:

Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նաև հայաստանյան փորձը և տեղեկացրել՝ Հայաստանում համընդհանուր ներառական համակարգը ներդրվել է հանրակրթական բոլոր դպրոցներում, և այժմ մշակվում են մի շարք ծրագրեր՝ հատուկ կարիքով երեխաների ներառման և ուսումնառության գործընթացն առավել արդյունավետ կազմակերպման նպատակով: