Արամ Վարդևանյան․ Այն, ինչ կատարվում է ՍԴ-ի հե...

Դատական իշխանությունում խնդիրների մասին խոսելիս առաջին հերթին պետք է առանձնացնել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը. այն, ինչ կատարվում է ՍԴ-ի հետ և նրա շուրջ, աննախադեպ է։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։

Նա նշել է, որ Վենետիկի հանձնաժողովը չի տվել դրական եզրակացություն ՍԴ դատավորների համար վաղ կենսաթոշակի համակարգը նախատեսող օրենքների փաթեթին։ Հանձնաժողովն արձանագրել է, որ վաղ կենսաթոշակի ինստիտուտը կարող է ընդունելի լինել, բայց կամավորության սկզբունքի հստակ պահպանման դեպքում։

«Իսկ եթե, օրինակ, նախատեսվում է ժամկետային սահմանափակում՝ հունվարի 31-ը՞։ Այդ դեպքում սա ինչպե՞ս կարող է լինել կամավոր։ Սա արդեն իսկ անուղղակի հարկադրանք է, ոչ թե կամավորություն, որովհետև կամավորությունն իրենից ենթադրում է պարզապես դրա հնարավորություն», - ասել է Վարդևանյանը։

Նրա խոսքով, Վենետիկի հանձնաժողովի փորձագետները դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի՝ ՍԴ-ին վերաբերող կարգավորումներին վերապահումով են մոտեցել, առաջարկելով այն նորից ներկայացնել հանձնաժողովին, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։

«Ամբողջ դատական օրենսգրքում միայն ՍԴ-ի մասով էր վերապահումը, քանի որ գոյություն ունեցող դրույթները բավարար ուղղակի չէին արձանագրում կամավորության սկզբունքը։ Մյուս հանգամանքը, որը կառավարության նիստում հավանության արժանացած այս օրենքում կրկին տեղ չի գտել, դա այն է, որ ՍԴ բոլոր դատավորները պետք է ներկայացնեն այդ հրաժարականը՝ վաղ կենսաթոշակի անցնելու իրենց ցանկությունը։ Կարծում եմ, իրավական մշակույթի տեսանկյունից սա մեծ վնաս է հասցնելու», - նշել է Վարդևանյանը։

Փաստաբանի խոսքով, կարող է այնպիսի ընկալում լինել, որ այն դատավորը, որը համաձայնում է վաղ կենսաթոշակի անցնել, մինչ այս իր առաքելությունը կատարում էր պարզապես կենսաթոշակի տարիքը լրանալու համար։

Անդրադառնալով Մարտի 1-ի գործով տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների այն պնդումներին, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն իրենց բացարկների և ինքնաբացարկների միջնորդություններով ձգձգում են դատական պրոցեսը, Վրդևանյանը նշել է․ «Չեմ հասկանում՝ որտեղից է աղբյուրը գալիս նման հետևության կամ նման պնդման, որ բացարկը կամ ինքնաբացարկը, կամ կալանավորման հարցի բարձրացումը դա դատավարություն չէ: Դա հենց դասական դատավարության բաղադրիչներից մեկն է, կարևորագույն նախապայմաններից մեկն է: Ասեմ ավելին՝ եթե դուք մի օր հանդիպեք մի դատավարություն, որտեղ չլինի ինքնաբացարկի հարց և չլինի բացարկի հարց, դա արդեն իսկ կլինի օրենքով չստեղծված դատարան, և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի կոպտագույն խախտում»:

Փաստաբանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, երբ դատարանի դահլիճում տուժողներից մեկը վիրավորում է պաշտպանական կողմին, իսկ նախագահող դատավորը չի ընդհատում նրան։

«Սա է դատավարության խնդիրը, որ պետք է լուծվի, բայց նախագահողը այդ խնդիրը չի լուծում: Այս իրավիճակն է, որ պետք է քննադատական գնահատականի արժանանա, իսկ երբ որ իրավունքների իրացումն է քննադատության արժանանում՝ սա աննախադեպ է։ Այդպես չի կարող լինել Եվրոպայի խորհրդի անդամ երկրում, երբ որ կողմերից մեկը իր՝ օրենքով նախատեսված իրավունքի իրացումը դիտարկվի որպես քննադատելի մի երևույթ: Բա ի՞նչ պետք է լինի, երբ կա կալանք, որը անհիմն է, ապօրինի է, ի՞նչ պետք է այդ ժամանակ արվի։

Օրինակ, ինչու՞ դատախազներին չեն հարցնում, թե էդ ինչպե՞ս է լինում, որ դատաքննության փուլում, երբ արդեն բոլոր ցուցմունքները կան, վերջիններս մինչև վերջ պնդում են, որ կալանքը անպայման պահպանվի: Իսկ ինչու՞ այդ նույն հարցերը չեն հասցեագրվում Դատախազությանը, երբ վերջիններս 2018 թվականի հունիս ամսից մինչ օրս նույն նախադասությունն են արտաբերում կալանավորման հետ կապված: Եվ ավելին՝ նույնիսկ հստակ և խրոխտ ձայնով արձանագրում են, որ չկա ոչ մի փաստական տվյալ, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը կամ քննությանը, ասում են՝ դա հիպոթետիկ պնդում է», - եզրափակել է Վարդևանյանը: