Արամ Ա-ն իր մտահոգվածության ազդակը հղեց․ մնու...

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը նախօրեին գրառում է կատարել «Թվիթերում»։ Նա մասնավորապես գրել է․ «Հեղափոխությունն արագ հօդս է ցնդում, երբ խոստումը հեռու է մնում իրականությունից։

Հեղափոխությունն արագ փոշիանում է, երբ խոստումը նրա հենարանը չէ։ Ու երբ խոստումը հեռու է մնում կյանքի իրականությունից, մի խոր անջրպետ է գոյանում ժողովրդի ու իշխանության միջև. կացություն, որն աննախատեսելի վտանգնելով հղի է դառնում»։ Սա թերեւս կարելի է համարել արդեն Սփյուռքի համախմբված մտահոգությունը կապված Հայաստանում տեղի ունեցող զարգացումների, իշխանության որդեգրած կեցվածքի, վարած ներքին քաղաքականության եւ այլ հարցերի հետ կապված, հատկապես՝ հեղափոխության օրերին դեռ տված խոստումների ու դրանց անկատար մնալու իրողությունների հետ կապված։

Արամ Ա-ի գրառումը մեջբերել է նաեւ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Իհարկե դժվար է ասել, թե այդ մեջբերումը եւ գրառման զետեղումն իրար հետ պայմանավորված են կամ ոչ։

Ավելի հավանական է որ ոչ, քանի որ Արամ Ա-ն միշտ էլ աչքի է ընկել քննադատական խոսքով, ուղղված Հայաստանի թե նախկին եւ թե ներկա իշխանություններին։ Ավելի շատ կարելի է կարծել, որ որպես անառարկելի հեղինակություն ունեցող գործչի խոսք, Արթուր Վանեցյանը մեջբերել է, որպես ապացույց այն մտահոգությունների, որոնք ինքն է արտահայտել իր հանրային խոսքում, լինի գրավոր հայտարարության տեսքով, կամ բանավոր։ Արամ Ա-ն զուտ միայն ազգային գործիչ չպետք է դիտարկել։

Նա Մերձավոր Արեւելքի նման նրբազգաց ռեգիոնի առանցքային կրոնական առաջնորդներից է եւ այժմ նաեւ աշխարհաքաղաքական այս վերադասավորումների փուլում այդ ռեգիոնի ակտիվ խաղացող։

Ուստի այս գրառումը, նաեւ յուրատեսակ ազդակ է աշխարհաքաղաքական պլանում էլ եւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այս ազդակից պետք է բավական լուրջ հետեւություններ անի, հատկապես որ Սփյուռքի հետ հարաբերություններում սկսվել է լուրջ ամպամածություն՝ հայագիտական առարկաների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունք որդեգրելու մտադրության հետ կապված, ինչը սփյուռքյան համայնքներում ուղղակիորեն կապվում է հայապահպանությունն ու ազգապահպանությունը հարվածի տակ դնելու հետ։