Հայաստանի ներքաղաքական կյանքում, թերեւս ամենից հետաքրքիրը լինելու են առաջիկա ՏԻՄ ընտրությունները, հատկապես՝ մեծ քաղաքներում, օրինակ Գյումրիում, Վանաձորում եւ այլն։
Հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքների համար իրավիճակը բավական ինտրիգային է լինելու, քանի որ նախ ընտրակարգն է տարբեր եւ ընտրությունները լինում են կուսակցական ցուցակներով, եւ ապա՝ թե ովքեր են լինելու թե իշխանության եւ թե ոչ իշխանական ճամբարի թեկնածուները։
Գյումրիի պարագայում, թեեւ կային որոշակի խոսակցություններ, նաեւ մամուլի հրապարակումների տեսքով, որ իշխանությունն ամենայն հավանականությամբ կառաջադրի իր գյումրեցի թիմակիցներից ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանին, սակայն այն, որ վերջինիս համար թիմը նախատեսել է նոր պառլամենտում իշխող ֆրակցիայի քարտուղարի՝ ոչ այնքան վատ պաշտոնը, ամենայն հավանականությամբ Բաղդասարյանը կշարունակի օրենսդիր գործունեությունը եւ չի տեղափոխվի գործադիր իշխանություն, ՏԻՄ համակարգ։ Գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանից դժգոհություններ կարծես թե չկան։ Բավականին լավ գործարար հոտառություն ունեցող, շուտ կողմնորոշվող եւ արտակարգ հարմարվողականություն ունեցող քաղաքապետ Բալասանյանը կարողացավ արագ զգալ, թե քամիները որ կողմից են փչում, բացել առագաստներն ըստ այդմ, ու «լեզու գտնել» իշխանությունների հետ՝ պահելով ապաքաղաքական համայնքապետի նեյտրալիտետը։
Ընթերցողները թերեւս կհիշեն, թե ինչպիսի ճարպկությամբ նա կարողացավ «բեմականացնել» սեփական հրաժարականի պահանջը, այն հասցնել իր համար ցանկալի մերժման, օրենքով սահմանված հնարավորությունը ծառայեցնել իրեն, իսկ հիմա արդեն, հետպատերազմական այս խառնիխուռն ժամանակներում ասենք Գյումրու քաղաքապետի ենթադրյալ «նախկին» լինելը ամենակենսական հարցը չէ, որ ծառացած է Հայաստանի ներքին կյանքում։
Խոսվում էր նաեւ մարզիկ Արթուր Ալեքսանյանի մասին, որ հնարավոր է մտնի քաղաքականություն եւ իշխանական ճամբարից հանդես գա։ Բայց այստեղ մի նրբություն կա։ Նախքան 2020-ի սեպտեմբերի 27-ը գուցե եւ դա ինչ որ առումով հնարավոր լիներ, սակայն այսօր, երբ իշխանությունը ասոցացվում կամ նույնացվում է կապիտուլյացիայի, պարտության ու այլ, նման նեգատիվ իրողությունների հետ, դժվար թե որեւէ ազդեիկ կամ հեղինակավոր մեկը փորձի իրեն կապել այդ իշխանության հետ եւ ինչպես ասում են՝ «փչանալ»։ Իհարկե, կա նաեւ երրորդ լուծում։ Ինչ որ մեկին թիմից առաջադրել, թիմով աջակցել, ապավինելով հատկապես «նիկոլական ընտրազանգվածին» եւ հասնել հաջողության, հատկապես, որ վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ Գյումրին այլեւս ամենից ընդդիմադիր քաղաքը չէ, եւ ավելին՝ ամենից «նիկոլական» քաղաքներից է։ Մենք դիտարկեցինք Գյումրու մոդելը, սակայն նույն «ուղտը» իշխանության «դռանը չոքել է» նաեւ մյուս համայնքներում՝ Վանաձորում եւ այլն։



