
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ առաջիկա օրերին սպասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ:
«Ինչպես գիտեք, պետքարտուղար Բլինքենն անձամբ է շահագրգռված այդ գործընթացում (հայ-ադրբեջանական կարգավորում-խմբ.)։ Նա ցույց տվեց այդ շահագրգռվածությունը՝ միավորելով Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին եւ պարբերաբար շփվելով նրանց հետ։ Ես ակնկալում եմ, որ առաջիկա օրերին նա հնարավորություն կունենա կրկին հեռախոսով շփվել Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ։
Այս ջանքերում առաջատար դեր է խաղում նաեւ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով մեր քարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդը։ Դա այն է, ինչին մենք հավատարիմ կլինենք»,-ասել է Փրայսը։
Նա նաեւ պատասխանել է այն հարցին, թե ով է փոխարինելու Ֆիլիպ Ռիքերին կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնում։
«Այժմ դեսպան Ռիքերը, բարեբախտաբար, դեռեւս Պետդեպարտամենտի աշխատակից է, առնվազն եւս 24 ժամ։ Նրա հեռանալուց հետո այդ հարցը կշարունակի գտնվել այս շենքում բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրության կենտրոնում»,-ասել է Փրայսը։