
Կապիտալի շուկայի զարգացման նպատակով դեռեւս 2020 թվականին ընդունված օրենքով մասնավոր ընկերությունների կողմից թողարկված արժեթղթերը, դրանցից ստացված եկամուտն ազատվում էր եկամտային հարկից: Այդ արտոնության ժամկետ էր սահմանված 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանն առաջարկում է այդ արտոնությունը երկարաձգել եւս երեք տարով:
Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Այդ փոփոխություններն առաջարկվում են Հարկային օրենսգրքում եւ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-82-Ն հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը պարզաբանել է, որ երեք տարի ժամկետով մասնավոր պարտատոմսերը կազատվեն եկամտային հարկի վճարումից, եւ այդ դրույթը կտարածվի 2025 թվականի հունվարի մեկից հետո ծագած հարաբերությունների վրա: Այսինքն՝ նախագիծն ունի հետադարձ բարելավող դրույթ:
Կառավարությունը կողմ է այս տարբերակով խնդրի լուծմանը: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը եւ հավելել, որ առանձին դրույթներ դեռեւս կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Ըստ նրա՝ նպատակն է ունենալ կանխատեսելի միջավայր ներդրումային քաղաքակիրթ գործիքների լայն շրջանակով կիրառության համար եւ միեւնույն ժամանակ ունենալ հարկման հավասար կանոններ այն իմաստով, որ միմյանց այլընտրանք համարվող ֆինանսական գործիքներից ստացվող միատեսակ եկամուտները հարկվեն միատեսակ կանոններով:
Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ ոլորտի ընկերությունների կողմից կան բազմաթիվ առաջարկներ: Առաջինից երկրորդ ընթերցում կկազմակերպվի աշխատանքային քննարկում եւ կարվեն անհրաժեշտ շտկումները:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: