Երևանի ավագանու ապրիլի 21-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով առաջարկվում է Երևանի Ամիրյան փողոցը անվանափոխել Պապ թագավորի անվամբ։ Նախագիծը ներկայացրել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը։
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքկառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է.
- Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը՝ (սկսվում է Հանրապետության հրապարակից, հասնում՝ Սարյան փողոց) անվանափոխել Պապ թագավորի անվամբ՝ «Պապ թագավորի փողոց»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- նշված է որոշման նախագծում։
Տեղեկանք-հիմնավորման մեջ նշվում է. «Հայոց պատմության մեջ ամենաերիտասարդ թագավորներից մեկը՝ Պապը, իր կարճաժամկետ գահակալության ընթացքում հասցրեց այնքան և այնպես գործել, որ այսօր արդեն նրա անունը դասվում է հայոց ամենանշանավորների շարքում: Նա նորարար էր, ու ինչպես պատահում է բոլոր նորարարների հետ, նրան էլ շատերը չընդունեցին, չսիրեցին»:



