Առանց Փաշինյանի հետ համաձայնեցնելու` որևէ պաշ...

Politik.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Պարո՛ն Պապյան, մեկ տարուց ավելի է՝ Հայաստանը նոր իշխանություններ ունի: Դուք ինչպե՞ս եք գնահատում նրանց աշխատանքը: Խոստումները կատարվե՞լ են:

Ես կարծում եմ, որ մենք պետք է դիտարկենք ոչ միայն վերջին 1 տարին, այլև դրան նախորդող 1-2 տարին, որովհետև ժողովուրդը, շարժմանը կամ անձին՝ Նիկոլ Փաշինյանին, աջակցում էր իր ասածների համար մինչև իշխանության գալը, և դրա համար էլ բերեց իշխանության, որպեսզի դրանք կատարվեն: Թե իշխանության գալուց հետո ինչ խոստումներ են տրվել, հարցի մյուս կողմն է: Այս տեսանկյունից մենք խոստումները պետք է բաժանենք մի շարք ոլորտների: Առաջնահերթ՝ օրենդրական դաշտի մի շարք հիմնարար փաստաթղթերի, որոնք մշտապես քննադատության են ենթարկվել և փոփոխության խոստումներ են եղել: Խոստումներ են եղել սահմանադրությունը արմատապես փոխելու և, ընդհանրապես, որոշելու՝ ո՞րն է ճիշտ՝ վերադառնալ նախագահական կամ կիսանախագահական համակարգի՞ն, թե՞ պահպանել կառավարման այս ձեևը: Ես անձամբ կարծում եմ, որ ճիշտը նախկինն էր, այսինքն՝ երբ ժողովուրդը կարող էր երկու առաջնային մանդատ տրամադրել՝ ընտրել նախագահ և օրենսդիր, որից էլ կածանցվեր իշխանությունը: Նույն կերպ, խոստում էր եղել ընտրական օրենսգիրքը փոխել, կուսակցությունների մասին օրենքը փոխել և այլն: Օրենսդրական դաշտի այս հիմնարար խոստումները, իմ կարծիքով, առ այսօր չեն կատարվել:

Կհասցնեի՞ն կատարել այս ընթացքում:

Իհարկե կհասցնեին: Դրա համար կես տարին բավարար էր: Բացի այդ՝ այլ խնդիր կա. եթե չհասցնեին էլ, մենք գոնե պետք է տեսնեինք ինտենսիվ քննարկում հասարակության ներսում, խորհրդարանում, նաև՝ արտախորհրդարանական ուժերի հետ: Պետք է տեսնեինք փոխելու ցանկությունը: Եթե գործընթաց տեսնեինք, կասեինք՝ պարզապես երկար էր գործընթացը, բայց ընթանում է: Հիմա, ընդհակառակը, այլ կարծիքներ են հնչում, թե փոփոխությունների կարիք չկա, կայունություն է պետք: Ի՞նչ կայունության մասին է խոսքը: Եթե կայունություն է պետք, ապա որևէ փոփոխություն երբևէ չպետք է արվի: Ընդհակառակը, կայունությունը շատ վատ երևույթ է, մշտապես փոփոխություններ են պետք: 

Իրավիճակը շատ հստակ է՝ բոլոր այն պաշտոնյաները, որոնք հանցագործություն են կատարել, պիտի օրենքի ողջ խստությամբ պատժվեն: Թե ովքեր են կատարել, շատ պարզ է որոշելը: Օրինակ՝ մարդը ստացել է 1000 դոլար աշխատավարձ, ու այսօր իր հայտարագրած ունեցվածքն իր 500 տարվա աշխատանքային եկամուտն է, որը հնարավոր չէր կուտակել: Այս պարագայում չպետք է գործի անմեղության կանխավարկածը: Սա քրեական հանցագործություն չէ, որ մեկնաբանվի՝ հօգուտ մեղադրյալի: Սա հասարակության մեջ արդարություն հաստատելու սկզբունքն է: Անգամ բանկում փոխանցում կատարելիս պետք է ապացուցել փոխանցվելիք գումարի սեփականության օրինականությունը: Եթե անգամ բանկը նման իրավասություն ունի, պետությունը չպե՞տք է ունենա: Պետք է ցուցակ կազմել և հատ-հատ ստուգել: Առավել ևս, եթե սա մենք անվանում ենք հեղափոխություն, այն չի կարող չանդրադառնալ սեփականության հարցին: Ցանկացած հեղափոխության հիմնական հարցը սեփականության հարցն է: Կարծում եմ, որ շատուշատ հարցերում ներկա իշխանությունը խիստ հապաղում է, դանդաղում է և խիստ անարդյունավետ է:

Ձեր կարծիքով՝ ո՞րն է դանդաղկոտության կամ անարդյունավետության պատճառը: Գուցե՞ կադրերի անփորձությունը:

Ես կարծում եմ՝ հիմքերի հիմքը հենց սահմանադրությունն է: Մենք ունենք մի սահմանադրություն, որն անձնակենտրոն է, և այսօր, ըստ էության, որևէ պաշտոնյա լուրջ խնդիրները, առանց Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցնելու, չի կարող լուծել: Սա Սերժ Սարգսյանն իր համար էր ստեղծել: Բոլորս քննադատել ենք, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը: Սա նաև ստվերային կառավարման հնարավորություն է տալիս: Մյուսս կողմից, այո՛, կա անփորձության խնդիր: Մարդիկ չգիտեն՝ ինչպես վարվել, որովհետև, ըստ էության, «Իմ քայլը»-ի պատգամավորները հիմնականում հապճեպ հավաքված մարդիկ են, և անգամ կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ևս պատրաստ չէր իշխանություն վերցնելու: Դրա համար էլ այսօր, որպես ընդդիմություն, այս կուսակցությունը լավ է աշխատում՝ լինելով իշխանության մեջ անգամ: Այսինքն՝ քննադատելով, ամոթանքներ տալով, ընդդիմության դիրքերից շարունակում է լավ աշխատել, բայց իշխանության դիրքերից չի աշխատում: Այժմ ստացվել է մի իրավիճակ, որ տրվել են բազմաթիվ խոստումներ և դրանց իրականացման համար համարժեք քայլեր չեն արվում, ինչն էլ, ցավոք սրտի, հանգեցնում է որոշակի հիասթափության, դա էլ, աստիճանաբար, փոխվում է դժգոհության:

Պարո՛ն Պապյան, այդ դեպքում, «վերջն» ի՞նչ է լինելու:

Վերջը միշտ լավ է լինում: Եթե լավ չէ, ուրեմն՝ վերջը չէ: Կարծում եմ՝ հետևյալն է տեղի ունենալու (սա ոչ թե ցանկություն է այլ կանխատեսում)՝ դժգոհությունն աստիճանաբար կավելանա, քանի որ կավելանան մարդկանց ակնկալիքները: Իսկ դրանք ինքնածին չեն, այլ հրահրվել են ժողովրդի մեջ: Նաև՝ փողոց փակելով պայքարի ձևը նախադեպեր է ստեղծել, որոնք հնարավոր չէ միանգամից վերացնել: Ինչպես արդեն տեսակետ են հայտնում որոշ վերլուծաբաններ, կառավարության աշխատանքի մեկ տարին լրանալուց հետո, գուցե կպահանջեն կառավարության հրաժարականը: Այս ամենը բերելու է քաղաքական դաշտում ավելի մեծ լարվածության: Ցավոք սրտի, տնտեսության մեջ մենք որևէ արմատական փոփոխություն չենք տեսնում, իսկ դա տեղի կունենար, եթե ամբողջական ոլորտները (օրինակ՝ կապ, երկաթուղի, օդային փոխադրումներ) զարգացում ապրեին: Թե չէ մի երկու գյուղապետի, դպրոցի տնօրենի բռնելով՝ հարց չի լուծվի: Մանր կոռուպցիան, համաձայն եմ, պետք է հաղթահարել, բայց դա մեզ նման պետության համար առաջնահերթություն չէ: Մեզ նման պետության համար, եթե տնտեսության դաշտն ենք վերցնում, ամենակարևորը ստրատեգիական ոլորտների՝ հօգուտ պետության աշխատեցնելն է, որը տեղի չի ունենում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում վերացել է համակարգային կոռուպցիան: Այդպե՞ս է:

Եթե համակարգային ասելով նկատի ունեն բրգաձև կաշառակերությունը, որ ներքևից գնում էր վերև՝ մինչև նախարարներ, նախագահ, վարչապետ, երևի ամենավերևին չի հասնում: Իսկ ներքևում կա կաշառակերություն՝ մաքսայինում էլ կա, հարկայինում էլ կա, դատական համակարգում էլ, ամեն տեղ էլ կա: Մի փոքր ավելի զգուշավոր, բայց կա: Անգամ կոռուպցիայի դեմ պայքարը չպետք է լինի ինքնանպատակ: ժողովուրդը պետք է տեսնի, որ այդ պայքարից ինքը սկսում է լավ ապրել: Ժողովրդի վրա նաև վատ են անդրադառնում գործեր կարճելը. եթե դրանք կարճվում են, ապա մյուսները, որոնք վախեցած էին և նման բաներ չպետք է անեին, հիմա կասեն՝ դե լավ, եթե իրեն չպատժեցին, ինձ էլ չեն պատժելու: Ես պիտի արդյունք տեսնեմ կոռուպցիայի դեմ պայքարի, որպեսզի իմանամ՝ կոռուպցիա կա՞, թե՞ չկա: Ինչպես բժիշկը, ստուգելով հիվանդի որոշակի ցուցանշներ, ենթադրում է, որ լավանում է, նույնն էլ պետք է տեսնենք տնտեսության դեպքում՝ ինչպիսի՞ աճ է արձանագրում, ի՞նչ ներդրումներ կան, արտահանումների թիվն ինչպիսի՞ն է: Ժողովուրդն, օրինակ, նախկին իշխանության ժամանակ զգում էր, որ իրավիճակը վատ է, և ճիշտ էր զգում: Հիմա, երբ ժողովուրդը այդ նույն կերպ կսկսի զգալ, որ կա միտում բարելավման, այդ դեպքում կասենք՝ առաջընթաց կա: Բայց դա չի լինում և չի էլ լինելու, որովհետև միայն վերևներում կաշառք չվերցնելով՝ համակարգային կոռուպցիան չի վերանալու: